Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի արարքները (տեսանյութ)

Հասարակություն
g_image.php_

Արդյո՞ք անպատժելիության հետեւանք չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքի անդամները շարունակում են հանցանքներ գործել։ «Ես կոնկրետ գործը չեմ ուզում մեկնաբանել, բայց անպատժելիությունը վատ բան է»,- այսօր կառավարության նիստից հետո ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Արդեն մի քանի օր է՝ իրավապահները չեն կարողանում բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ով ծեծկռտուքի մասնակից է, եւ ով կասկածվում է մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ։ Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս հարցն ուղղել ճիշտ հասցեատիրոջը. «Դատական համակարգն այստեղ կապ չունի, արդարադատության համակարգն էլ այստեղ խնդիր չունի, խոսքը քրեական հետապնդման մարմինների մասին է։ Իմ գնահատմամբ՝ ինչքան արդյունավետ աշխատեն քրեական հետապնդման մարմինները, այնքան լավ»։ Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ բոլոր իրավասու պետական ատյանների խնդիրը անպատժելիության դեմ պայքարն է։ «Միգուցե համաձայնվեմ, որ ինչ-որ կառույցներ այն արդյունավետությամբ չեն անում, որ պիտի անեն, բայց չեն անում հարցադրման հետ կտրականապես համաձայն չեմ»,- եզրափակեց Արդարադատության նախարարը։