Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ.«Դուք բոլորդ Լիսկա եք, մենք բոլորս Ժիրայր ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
jirair

Մատենադարանի մերձակա տարածքից մեկնարկեց Հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Վարդաշեն և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկներ։ «Մենք են տերը մեր երկրի», «Հերոսներին ազատում, հանցագործները բանտում», «Դուք բոլորդ Լիսկա եք, մենք բոլորս Ժիրայր ենք», «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով ու կոչերով, ազատազրկված ազատամարտիկների ու տարբեր քաղաքացիների նկարներն ու տարբեր գրություններով պաստառներ ձեռքներին Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու քաղաքացիական ակտիվիստները մոտեցան Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի շենքին։ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը,  շնորհակալություն հայտնելով միջազգային և հայաստանյան կազմակերպություններին՝ իրենց ազատ արձակելու պահանջով հանդես գալու համար, համոզմունք հայտնեց, որ նմանատիպ ակցիաները շարունակելու դեպքում «բոլոր տղաներին տեսնելու են ազատության մեջ։ Կարծում եմ, որ համառությունն ու հետևողականությունը իր արդյունքն անպայման տալիս են։ Առկա են իրավական և քաղաքական բոլոր հիմքերը՝ տղաներին ազատության մեջ տեսնելու համար»։ Սեֆիլյանը կոչ արեց միջազգային կազմակերպություններին՝ տալ այնպիսի արձագանք, ինչպես իրենց դեպքում։ Խոսելով Շանթի ու ընկերների ձերբակալության մասին՝ նա համոզմունք հայտնեց, որ նրանց հետ դատարանի առաջ պետք է կանգներ նաև ոստիկանական համակարգը, որն, ըստ Սեֆիլյանի, 2013թ նոյեմբերի 5-ի երթն ուղեկցելուց բացի նաև սադրել է իրավիճակը։ Հիմնադիր խորհրդարանի անդամներն ու նրանց միացած քաղաքացիական ակտիվիստները Վարդաշեն քրեակատարողական հիմանարկից երթով շարժվեցին Նուբարաշեն ՔԿՀ մերձակա տարածք։ Կոչերն ու պահանջները նույնն էին։ Գարեգին Չուքասզյանն իր խոսքում նշեց, որ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալները պատիվ կբերեն ցանկացած երկրի։ «Այն նվիրյալները՝ Շանթը Հարությունյանը, Հայկը Կյուրեղյանը, Վոլոդյա Ավետիսյանը պատիվ կբերեն որևիցե այլ ազգի, որը գտնվում է բռնակալական ռեժիմի ներքո։ Ռեժիմը նահանջելու է, ինչպես որ նահանջեց մեկ ամիս մեզ ազատազրկման մեջ պահելուց հետո։ Մեր աջակիցների և կազմակերպությունների միջոցով բողոքի ձայնը հասավ շատ ազդեցիկ միջազգային մարմինների և այդ ազդեցությամբ ռեժիմը նահանջեց։ Քաղաքացիական անհնազանդության միջոցով մենք հասնելու ենք նրան, որ ռեժիմը վերջնականապես նահանջի»,- նշեց Չուքասզյանը։ Ավտոերթի, երթի և հավաքի ողջ ընթացքին հետեւում էին ոստիկանական ուժերը։ Որեւէ միջադեպ տեղի չունեցավ։