Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը հանդիպել է LG ընկերության ղեկավարության հետ

Հասարակություն
taron

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է LG ընկերության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ Քուք Հուան Չայի գլխավորած պատվիրակության և Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐԱՅ» ընկերության ղեկավարների հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: «Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է` քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Այս մասով իսկապես հաջողված նախաձեռնություններ են իրականացվել, ինչի վկայությունը վերջին տարիներին մայրաքաղաքում մասնավոր հատվածի հետ համատեղ կյանքի կոչված տարբեր ծրագրերն ու նախագծերն են»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր մայրաքաղաքում լուրջ բարեփոխումներ են իրականացվում քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործման ուղղությամբ, որոնք նպատակ ունեն ապահովելու բոլոր ոլորտների համաչափ զարգացումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` LG ընկերության Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի նախագահ Քուք Հուան Չան իր հերթին նկատել է, որ քաղաքային տնտեսության զարգացման հարցում քաղաքապետի մոտեցումներն իսկապես ողջունելի են, և իրենց ընկերությունը պատրաստակամ է ներգրավվել քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրերի իրականացման գործում: Քուք Հուան Չան մասնավորապես նշել է, որ հնարավոր համագործակցություն կարող է ձևավորվել ժամանակակից արտաքին լուսավորության ապահովման ու էլեկտրատրանսպորտի մասով: «Մենք ևս ուրախ կլինենք ի դեմս Երևանի քաղաքապետարանի ունենալ վստահելի գործընկեր ու մեր լուման ներդնել Երևանի զարգացման գործում: Հուսով եմ, որ առաջիկայում մեր համագործակցությունն առավել գործնական դաշտ կթևակոխի»,- նշել է Քուք Հուան Չան: Նա նաև պատրաստակամություն է հայտնել իրենց միջոցներով Հայաստանում LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «ԱՐԱՅ» ընկերության հետ համատեղ իրականացնել Երևանի փողոցներից մեկի լուսավորության ծրագիրը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի մի շարք փաթեթների վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն