Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակը խոստովանեց, որ սպանությունից մեկ օր առաջ ծաղրել է Հայկազ Բարսեղյանին

Հասարակություն
default

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին ծաղրուծանակի ենթարկելու մեջ մեղադրվող Արշակ Մարտիրոսյանը ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին Բարսեղյանի սպանության գործից առանձնացված դրվագով,  դատական առաջին նիստին հայտարարել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Դատավորը տեղեկացրել է, որ գործը կարող է քննվել արագացված դատական կարգով։ Այդ դեպքում, սակայն, պաշտպանական կողմը զրկվում է Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու իրավունքից։ 19-ամյա ամբաստանյալ Արշակ Մարտիրոսյանն ասաց, որ կարծիք կհայտնի, երբ պաշտպանը կծանոթանա գործին։ Պաշտպան Հայկ Իսրայելյանը նշեց, որ դեռևս ծանոթ չէ գործի նյութերին և միջնորդություն ներկայացրեց հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 22-ին։ Ըստ  մեղադրական եզրակացության՝  Արշակ Մարտիրոսյանը  2015թ. հունվարի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում,  ՀՀ ԶՈՒ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից հետո,  ռազմական ինստիտուտ վերադառնալու ճանապարհին, զորամասին ամրակցված ավտոբուսի մեջ վիճաբանել է նույն դասակի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հետ, որի ընթացքում հայհոյել եւ քաշքշել է վերջինիս` այդ կերպ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը: Արշակ Մարտիրոսյանն այժմ գտնվում է հրամանատարական հսկողության ներքո։ Նշենք նաև, որ նա Հայկազ Բարսեղյանի սպանության գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում։ Դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի զինծառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին։