Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խոպանչիների հարկի մասին» օրենքն առաջին ընթարցմամբ ընդունվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
hhk-aj

65 կողմ, 16 դեմ եւ 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր ընդունեց Եկամտահարկի եւ Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դեմ էին ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը, ձեռնպահ` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, կողմ էր միայն ՀՀԿ-ն: Ըստ այս նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող շինարակական որեւէ կազմակերպության հետ եւ 13 տոկոս եկամտահարկ մուծեն ոչ թե տվյալ երկրի, այլ ՀՀ պետբյուջե: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը կոչ արեց մինչեւ երկրորդ ընթերցում շտկումներ անել նախագծում: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այսպես գործերը չեն վարվում. «Սա աֆյորայի է նմանվում: Սա անարգանք է ԱԺ նկատմամբ. վերջին օրով ԱԺ բերել նման նախագիծ, որ չկարողանանք ներկայացնել պատշաճ հիմնավորումներ, ապա եթե արժանապատվություն ունենք, պետք է մեր քվեարկությամբ մերժենք այն»: «Արժանապատվությունից դուք մի խոսեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ նախագիծը մամուլում ու մի շարք պատգամավորների կողմից խեղաթյուրված  ներկայացվեց. «Նախագիծը լավն է, ու այն պետք է լրացվի երկրորդ ընթերցմամբ: Եկեք չասենք բաներ, որոնք նախագծում չկան, զարգացնեքն այն: Կտրուկ մի մերժեք: Կարծում եմ՝ դեմ չպետք է քվեարկել այս նախագծին»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ նշեց, որ կրկնվում է տխուր նախադեպը. «Առանց անհրաժեշտ ընթացակարգ անցնելու՝ բերվում են նախագծեր: Բնական է, որ բացասական է վերաբերմունքը լինելու: Այսպես չի կարելի աշխատել: Գիտեք, որ սա լուրջ նախագիծ է: Մենք դեմ ենք քվեարկելու, որը պայմանավորված է այն ընթացակարգով, որ ԱԺ-ն ապրեց այս երկու օրերին»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այն, որ նախագիծը սխալ է ընկալվել հանրության մեջ, միգուցե մեղքը կառավարության ներկայացուցչինն էր. «Խորհուրդ եմ տալիս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք առաջնորդվում են իրենց մոտեցումներով ու սկզբունքներով, կոչեր չանել արժանապատվության մասին. ամեն մեկն իր ձեւով է քվեարկում»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի համոզմամբ էլ՝ կառավարությունն իսկապես շուտափույթ է բերել այս նախագիծը. «Երեկվա փաթեթավորումն է զարմացնում նախագծի: Ելույթների մեծ մասն իրոք կապ չուներ նախագծի հետ: Մարդիկ չպետք է հարկեր մուծելուց խուսափեն: Կան խնդրահարույց կետեր, երկրորդ ընթերցման ժամանակ ավելի մասնագիտական մոտեցում պետք է ցուցաբերվի: Կառավարությունն էլ զգուշավորություն չպետք է ցուցաբերի, այլ ասի, թե ինչ ենք ստանալու այս նախագծից»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար նորմալ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն ունի ու ազատ արտահայտում է. «Չգիտես ինչու՝ սկսել ենք դաս տալ մեկս մյուսին: Ծանր պետք չէ տանել դիմացինի կարծիքը. սա կարծիքների բախման տեղ է: Կառավարության ոչ կոմպետենտ ձեռագրի արդյունք էր նախագծի վերաբերյալ արձագանքները»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կոչ արեց, որ արժանապատվությունից խոսի այն մարդը, որը ունի արժանապատվություն. «Ես ցավում եմ դրա համար. կոռեկտ արտահայտվեք, որ նույն կերպ պատասխան ստանաք: Միջազգային պայմանագիրը միշտ վեր է մեր օրենսդրությունից: ԵՏՄ կանոնակարգն է այս դեպքում գործում, երկակի հարկման մասին կարդացեք: Մենք ընդամենը մեր ռեզիդենտներին ընտրության հնարավորություն ենք տալիս՝ կամ այստեղ, կամ արտերկրում հարկ մուծել: ՀՀ-ին լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց. «Օրենքը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է: Մենք կողմ ենք քվեարկելու: Չվնասեք օրենքը ձեր ամբիցիաների պատճառով»: