Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի. ԼՂՀ ԱԳՆ

Քաղաքականություն
լղհ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը.

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

-Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատական գործընթացի կեղծիքն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանում միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումների տրամաբանությանը։ Այդ երկրում գերության մեջ գտնվողներին սպանելը, զինծառայողներին քարոզչական նպատակներով օգտագործելը և նրանց դեմ կեղծ քրեական գործեր հարուցելը վաղուց արդեն սովորական պրակտիկա է դարձել։

Ադրբեջանի կողմից մարդասիրական միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումը մարտահրավեր է ողջ միջազգային հանրությանը։ Ժնևի բոլոր կոնվենցիաների առաջին հոդվածի  համաձայն՝ պայմանավորվող կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքում պահպանել և ստիպել պահպանելու կոնվենցիաները։

Այս կապակցությամբ մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր միջոցները, որպեսզի ադրբեջանական իշխանությունները լիովին պահպանեն ռազմագերիների և պատանդների հետ վարվելակերպի մասին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։

-Ադրբեջանական կողմը պնդում է, թե Արսեն Բաղդասարյանը ԼՂՀ ՊԲ զինծառայող է և հրաման է ստացել անցնել շփման գծի ադրբեջանական կողմն ու ականապատել խրամատները։

- Ձերբակալման պահին Արսեն Բաղդասարյանը հեռացված էր ծառայությունից՝ զորամասը պարբերաբար ինքնակամ լքելու համար և եղել է քաղաքացիական հագուստով։ Ի դեպ, նրա մոտ հրազենի բացակայության փաստը հաստատում է ադրբեջանական կողմը։ Ադրբեջանական կողմի մեղադրանքները՝ առաջադրված Արսեն Բաղդասարյանի դեմ, ոչ միայն անհիմն են, այլև հակասում են ողջամիտ տրամաբանությանը։

Անգամ եթե ի գիտություն ընդունենք ադրբեջանական կողմի վարկածը, թե Արսեն Բաղդասարյանը եղել է զինծառայության մեջ, Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, որն արգելում է զինծառայողների հետապնդումը ռազմական գործողություններին մասնակցելու համար, եթե նրանք ռազմական հանցագործություններ չեն կատարել։ Միջազգային մարդասիրական իրավունքում ամագրված է, որ զինծառայողներին գերևարումից հետո նրանց պետք է տրվի ռազմագերու կարգավիճակ և իմունիտետ՝ այնպիսի գործողությունների համար քրեական հետապնդումից, որոնք չեն խախտել օրենքներն ու պատերազմի ավանդույթները։

ԼՂՀ ԱԳՆ