Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դատախազն ու ԱԱԾ պետն ընդունել են, որ ամբողջ համակարգը կոռումպացված է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
7L8o4orgroo

Եթե օրենսդիր մարմինը հավանություն տա տարիներ շարունակ քննարկվող առաջարկին, ապա հաջորդ տարվանից կներդրվի պրոբացիոն համակարգը։ Հանրային աշխատանք կամ տնային կալանք՝ էլեկտրոնային մոնիտորինգի հնարավորությամբ։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ողջունում է համակարգի ներդրումը, սակայն մտավախություններ ունի։ «Արդյոք այն անձը, որի բոլոր չափանիշները համապատասխանում են, որ նա պրոբացիոն ծառայության մեջ լինի, արդյոք նրա նկատմամբ խիստ պատիժ չի՞ սահմանվի եւ արդյոք այն անձը, որը ծանր հանցագործություն է կատարել , բայց ինչ- որ մեկի հովանավորության տակ է, չի՞ անցնի պրոբացիոն ծառայության, եւ ընդհանրապես ծառայությունը շատ ձեւական կլինի։ Իմանալով մեր ոչ իրավական պետության սկզբունքները՝ շատ եմ անհանգստանում եւ համարյա համոզված եմ, որ այդպես կլինի»,-«Ա1+»-ին ասաց Ավետիք Իշխանյանը։ Միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող մոտ 879 անձանցից 586-ը հնարավորություն ունեն դառնալու պրոբացիայի ծառայության շահառու: «Այն ծավալի աշխատանքները, որ ծառայությունը պետք է անի, դա էլ է հարցական՝ կկարողանա՞ անել, թե ոչ, որովհետեւ այդ դատման գործընթացը՝ կալանք, հետո ազատազրկում, ստացվում է, որ բեռը վերջում որոշում են գցել նորաստեղծ ծառայության վրա»,- նշում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ եթե դատարանները կալանքը համատարած չկիրառեն որպես խափանման միջոց եւ վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը Հայաստանում իր նպատակին ծառայեր, ապա շատ կալանավորներ այսօր ազատության մեջ կլինեին։ Կառավարության նախորդ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը դեմ էին արտահայտվել համակարգի ներդրմանը՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։ Դեմ լինելով այդ ծառայությանը՝ նրանք ընդունել են, որ ամբողջ համակարգը կոռումպացված է՝ ասում է Ավետիք Իշխանյանը։ Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի համար ամենակարեւորն այն է, որ մարդը չհայտնվի բանտում եւ կրի այլընտրանքային պատիժ.   «Եթե մարդը հայտնվում է բանտում, ճակատագիրը խեղում ենք մենք»։ Պրոբացիա՝ թարգմանաբար նշանակում է փորձաշրջան կամ փորձություն։ Արդարադատության նախարարությունն ակնկալում է, որ պրոբացիոն ծառայությունը ամբողջական ձեւավորված եւ գործելու պատրաստ կլինի 2016 թ. հունվարից։ ԱԺ-ն օրինագիծը կքննարկի աշնանը։