Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխգնդապետ, ոստիկանության մարզային բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն
a2c854633253ec6e19c9a211d299b519

2015 թվականի մայիսի 4-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանութան մարզային բաժնի օպերատիվ գծով տեղակալին: Նշել էինք նաև, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկված քաղաքացուն համոզել, հորդորել են ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-268-րդ հոդվածներիի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-Կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները բարելավելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր օպերատիվ գծով տեղակալ Վարդան Ն.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2014 թվականի օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության բաժին են հրավիրել նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացուն և դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց հետագայում այն, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու և թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Այնուհետև ոստիկանության սպաները քաղաքացուն հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար, սակայն իրենք երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ: Ստանալով քաղաքացու համաձայնությունը՝ ոստիկանության բաժնի պետ Վահան Մ.-ն ծրագրված հետագա գործողությունների կազմակերպումը հանձնարարել է տեղակալին՝ Վարդան Ն.-ին: Պայմանավորվածության համաձայն՝ քաղաքացին  ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել, փոխադրել է զգալի չափերով թմրամիջոց: Դրանից հետո՝ քաղաքացին հրավիրվել է բաժին, որտեղ կազմվել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով վերջինիս բերման ենթարկելու մասին իրականությանը չհամապատասխանող արձանագրություն: Ապա հրավիրված և իրականության մասին չտեղեկացված ընթերակաների ներկայությամբ քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցը և  կազմվել է անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություն: Նշված գործողությունների և դրանց արդյունքների մասին Վարդան Ն.-ն պարբերաբար զեկուցել է վերադասին:  Այնուհետև Վահան Մ.-ի ու Վարդան Ն.-ի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր: Հետագայում քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը ըստ ենթակայության ուղարկվել են քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, իսկ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն