Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեզվավաճառությունն ավելի վատ է, քան մարմնավաճառությունը». թեժ քննարկումներ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
ayvazyan

Ի պաշտպանություն «Եկամատահարկի մասին» օրենքի՝ ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա հայտարարեց, որ երկար լսում էր, թե ինչի մասին էին խոսում պատգամավորները. «Հասկացա, որ խոսում են ամեն ինչի մասին, բացի օրենքից: Խեղաթյուրում եք օրենքը: Որեւէ մեկ խոպանչիի չի վերաբերում այս օրենքը: Որեւէ քաղաքացիություն կորցնելու մասին չի խոսվում: Այս օրենքը վերաբերում է հարկային գործակալին, որ մարդիկ է տանում արտերկիր` արտագնա աշխատանքի: Մենք հիմա ասում ենք` այնտեղ եկամտահարկ մուծելու փոխարեն, այստեղ մուծի: Իսկ որպեսզի մեզ մոտ ու արտերկրում տոկոսների տարբերություններ չլինեն, դրա համար իջեցնում ենք եկամտահարկի տոկոսները եւ հավասարեցնում ՌԴ-ին»: Իսկ արդեն դիմելով ընդդիմադիր պատգամավորներին` պարոն Այվազյանն ասաց. «Իսկ լեզվավաճառությունն ավելի վատ է, քան մարմնավաճառությունը: Դարձրիք եսիմ ինչ. հայ, եսիմ ինչ կառավարություն: Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է: Պարոն Բագրատյան, բարի եղեք, մինչեւ վերջ կարդացեք օրենքը: Կարդացեք էդ անտերը: Ձեր ասածով` այսինքն հեչ բան չստանա՞ այս երկիրը: Այսինքն, այդ մտածողությունը խո՞րթ է ձեզ, այսինքն, ըստ ձեզ, ո՞նց կլինի` այս երկրի համար վճարե՞ն: Ասում եմ` բարի լինեիք, գայիք հանձնաժողովի նիստին: Հերիք է մեզ խորհուրդներ ու դասեր տաք»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանգստության եւ հանդարտության կոչ արեց: Մինչդեռ Վարդան Այվազյանի վրդովմունքը չէր նվազում: Նա մեկ առ մեկ անդրադառնում էր հնչեցված բոլոր մտքերին եւ խոսեց նաեւ մեր երկրով տրանզիտի մասին. «4 կողմից զաբորը խփենք` ոչ գան, ոչ գնան, այդ տրանզիտը կգա պոզով-պոչով կուտի: Է, կարդացեք օրենքը, միայն ինձ համար չի էդ տառաճանաչությունը... Դուք որ խոսում էիք, պարոն Բագրատյան, ես ձեզ շատ ուշադիր ռադիոյով լսում էի»: Այդ ընթացքում Հրանտ Բագրատյանը ոչ պակաս վրդովմունքով տեղից արձագանքում էր Վարդան Այվազյանի այս կամ այն մտքին: Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանն ու մյուս ընդդիմադիրներն ամեն ինչ անում են, որ մարդիկ հիասթափվեն ու երկիրը լքեն. «Շատ լավ օրենք է. քլունգն առել եք, ընկել եք հետեւից: Արտագնա աշխատանքի գնացողի իրավունքների որեւէ սահմանափակում այստեղ չկա: Հավատալով հայի մտածողությանը` ես, ՀՀԿ խմբակցությունը կողմ ենք քվեարկելու»: Քանի որ Վարդան Այվազյանի ելույթում հնչել էր Հրանտ Բագրատյանի անունը, վերջինս վարման կարգով ձայն խնդրեց: «Կարող եմ ձեզ ձայն չտալ` ձեր անունն է հնչել, ազգանունը չի հնչել»,- փորձեց կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ այս ամեն ինչի մեջ «թատերական մոմենտ» կա. «Ցավդ տանեմ, այստեղ կրկնակի հարկման պայմանագիր է»: Նրանց վեճը շարունակվեց առանց խոսափողների: Էդուարդ Շարամզանովը կրկին միջամտեց. «Մեկդ մյուսի նկատմաբ, խնդրում եմ, կոռեկտություն պահել, լսեք իրար: Ճիշտ չէ, որ ամեն անգամ նկատողություն անեմ ձեզ»: Նա կոչ արեց Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին ավելի մատչելի ու մանրամասն բացատրել օրենքի էությունը: Պարոն Միրումյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ անկեղծորեն պիտի խոտովանի, որ օրենքի քննարկումներն այլ ուղղություններով գնացին, ու իրեն թվաց, որ լրիվ այլ նախագիծ է ներկայացրել. «Որեւէ հարկային թաքստոց, խութ չի պարունակում այս նախագիծը: Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ մեր հայրենակիցների մի մասը ժամանակավոր աշխատանք է փնտրում դրսում: Մարդկանց մի խումբն իրենց անհատական կապերով դրսում պայմանավորվածություններ է ձեռք բերում ու չեն ձեւակերպվում որպես վարձու աշխատող: Այս նախագիծն իրենց չի վերաբերում, որոնք մի քանի ամսով են գնում արտագնա աշխատանքի: Նախագիծը վերաբերում է այն մարդկանց, որոնք գնում են որպես վարձու աշխատողներ, ձեւակերպվում արտերկրում, իսկ եկամտահարկն ու շահութահարկը վճարում տվյալ երկրի պետբյուջե: Մենք առաջարկում ենք պայմանագիր կնքել ՀՀ համապատասխան կազմակերպության հետ եւ հարկերը վճարել մեր պետբյուջե: Անկեղծ ասած, չհասկացա՝ սրա բացասական կողմը որն էր»: