Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ը ՈՐՈՇԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱՂՔԱՏ ՄԱՐԶԸ

Մարզեր

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ուսումնասիրությունների համաձայն` Գեղարքունիքը Հայաստանի ամենակարիքավոր մարզն է: Թե գյուղական եւ թե քաղաքային համայնքներում բնակվող փախստականների մեծ մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում: Փախստականաբնակ ութ համայնքներ դասվել են մարզի առավել աղքատ համայնքների շարքին:

Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային եւ 37 գյուղական համայնքներում: Չնայած 15 տարի այս մարդիկ բնակվում են Հայաստանում, սակայն դեռ հարմարվելու խնդիր ունեն: Նորաբակ համայնքում բնակվող Սվետլանան նախկինում ապրել է Ադրբեջանում, եւ դժվարությամբ է ընտելանում գյուղական պայմաններին: Նրա նման շատերը աշխարհից կտրված են իրենց համարում, քանի որ չունեն հեռուստացույց, թերթն էլ չնայած մատչելի չէ, սակայն այս գյուղ չի հասնում:

Մարզի փախստականները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Նրանց ամենաբնորոշ խնդիրը կապված է բնակարանի հետ: Մինչեւ այժմ բնակարաններ ստացել են փախստական 21 ընտանիքներ: Բռնագաղթին հաջորդող տարիներին մարզում ապաստան են գտել 20 000 հայ փախստականներ, որնք հիմնականում բնակություն են հաստատել Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում:

Փախստականաբնակ համայնքներում անմխիթար վիճակում են գտնվում ճանապարհները, տրանսպորտի եւ կապի միջոցները գրեթե բացակայում են: Փախստականներն իրենց անտեսված են համարում: Նրանց խնդիրներով հետաքրքրված է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղը:

Փախստականների կարիքների եւ խնդիրների հանրային իրազեկության աստիճանի բարձրացման նպատակով վերջինս Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի եւ Բաց Հասարակության Ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Փախստականները 15 տարի անց» ծրագիրը: Կազմակերպությունը մինչ օրս հիմնականում փախստականներով բնակեցված համայնքներում իրականացրել է իրավաբանական անվճար խորհրդատվություն, նյութական օգնություն:

Այս անգամ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղը կազմակերպել էր Ֆոտոցուցահանդես–քննարկում` «Փախստականները ՀՀ Գեղարքունիքի մարզում 15 տարի անց» խորագրով: Ծրագրի ղեկավար Ռուբեն Խաչիկյանը վկայակոչելով Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը` փախստականների եւ տեղացիների խոցելի շրջանում ՄԱԿ-ի կողմից կատարած հետազոտությունը, փաստեց, որ աղքատության գծով փախստականներին բնութագրվող ցուցանիշներն ավելի վատթար են, քան տեղացիներինը:

Գավառի «Քյավառ» ՀԸ