Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԱՏԱՆՈՒՄ 50 ՏՈԿՈՍՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է ՈՒՂԵՎԱՐՁԸ

Մարզեր

Շիրակի մարզի Ազատան գյուղում իրարանցում է սկսվել: Գյումրի-Ազատան եւ հետադարձ երթուղին սպասարկող «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ն ապրիլի 10-ից սահմանել է ուղեվարձի նոր արժեք՝ 150 դրամ նախկին 100-ի փոխարեն:

Ըստ գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Իկիլիկյանի, դեռեւս անցած տարի թանկացում այնուամենայնիվ եղել է՝ նույն չափով բարձրացել էր ավտոբուսների ուղեվարձի գինը: Սակայն 2 օր անց կազմակերպությունը շահագործել է նորից հին գներով, Վարդան Իկիլիկյանի խոսքերով, ուղեւորների ու համայնքի ղեկավարության ճնշման տակ: 100 դրամով շահագործումը, սակայն, Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը համարում է բարեգործություն:

Վերջինիս խոսքերով, «Տրանս ակնթարթը» մեկ տարի բարեգործ է եղել: Գնի բարձրացումն այժմ պայմանավորված է պահեստամասերի ու դիզելային. վառելիքի թանկացմամբ: Ըստ փոխմարզպետի` 150 դրամը հաստատված է Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից: Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարի խոսքերով` իրենք արդեն գրավոր ձեւով իրենց դժգոհությունն են հայտնել Շիրակի մարզպետին ու սպասում են պատասխանի:

Համապատասխան արձագանք չստանալու դեպքում իրենք պատրաստվում են դիմել կառավարությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ դատական մարմինների միջնորդությանը:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը