Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ -ը քննարկել է ՄԻՊ-ի զեկույցը

Քաղաքականություն
nkar

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին անցկացրել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկումն ըստ ոլորտների: Տիկին Վարդանյանը նշել է, որ անցյալ տարի ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովն առաջարկել է ավելի արդյունավետ ու շահավետ համագործակցություն ծավալելու նպատակով այն քննարկել ըստ ոլորտների: Այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը ՀՀ արդարադատության նախարարությանը վերաբերող տարեկան զեկույցում նշել էր գերատեսչության դրական տեղաշարժն ու բացթողումները: Զեկույցում` որպես դրական զարգացում, ՄԻՊ-ի տեղակալը մատնանշել է մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը, ինչի միջոցով մի շարք խնդիրներ լուծում են ստացել: Նա առանձնացրել է նաեւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շահագործումը, որով որոշ չափով լուծվել է նաեւ մյուս քրեկատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը: Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին` Տաթեւիկ Խաչատրյանը նշել է, որ դրանց մեծ մասն օրենսդրական բնույթ է կրում: Ըստ զեկույցի` 2014թ-ին արդարադատության նախարարությունում եղել են խնդիրներ, որոնց ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել, սակայն դրանք դեռեւս հաղթահարված չեն: Օրինակ` ՄԻՊ-ը ստացել է տարբեր բանավոր դիմումներ, համաձայն որոնց Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում աշխատակիցները պատշաճ կերպով չեն սպասարկում քաղաքացիներին: Խնդիրներ կան նաեւ ԴԱՀԿ ծառայությունում: Տաթեւիկ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությանը, սանիտարահիգիենիկ եւ կոմունալ- կենցաղային պայմաններին, բժշկական օգնությանը, սննդի որակին, զբաղվածության կազմակերպմանը, զբոսանքին, հանգստին, տեսակցությանը, որոնց վերաբերյալ արձանագրվել են եւ օրենսդրական խնդիրներ, եւ չարաշահումներ: ՄԻՊ գրասենյակն արձանագրել է նաեւ պետական տուրքի բարձր դրույքաչափ սահմանելու խնդիրը: Օմբուդսմենի տեղակալը նշել է, որ դատական ակտերի պատճեները ստանալու համար ՀՀ դատական դեպարտամենտը մեկ էջի համար պահանջում է 150 դրամ, մինչդեռ դրսում այն կատարվում է 10 դրամով: Չնայած, ըստ նրա, դա կարգավորված է օրենքով, սակայն անհրաժեշտություն կա վերանայել դրույքաչափերը : ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն անդրադարձել է զեկույցում նշված բացթողումներին: Նա նշել է, որ համապատասխան կառույցի կողմից բարձրացված բոլոր խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն: Խոսելով ոչ աշխատանքային ժամերին փաստաբանների եւ պաշտպանյալների տեսակցությունների արգելքի մասին, պարոն Թաթոյանը նշել է, որ այս պարագայում ողջամիտ լուծում է պետք: Ըստ նրա` նախարարությունում մշակվել են օրենքի նախագծեր, որոնք նախատեսում են տեսակցելու հնարավորություն: Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս եւ մնացած բոլոր հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերհասկողության տեսչության պետ Միքայել Մինասյանն էլ նշել է, որ զեկույցում կան խնդիրներ, որոնք ներառվել են անհայտ քաղաքացու զանգի միջոցով, ինչը վստահելի չէ: Նա նշել է, որ միայն բանավոր եւ անանուն դժգոհությունները չեն կարող հիմք լինել, որպեսզի նախարարությունն ընթացք տա եւ խախտումը բացահայտելու համար քայլեր ձեռնարկվեն: Անդրադառնալով զեկույցում նշված մյուս բացթողումներին` պարոն Մինասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում, իսկապես, կան խնդիրներ ու բացթողումներ, որոնք լուծում են պահանջում: Ըստ նրա՝ քրեակատարողական հիմնարկներն, իսկապես, ծանրաբեռնված են, սակայն այն չի կարող լուծվել 1-2 ամսվա ընթացքում: Այդ եւ մյուս խնդիրների լուծման համար ժամանակ է հարկավոր: Բանախոսը հույս է հայտնել, որ «Արմավիր» ՔԿՀ-ի միջոցով քրեակատարողական հիմնարկները կբեռնաթափվեն: ՄԻՊ գրասենյակը հանդես է եկել նաեւ Հատուկ քննչական ծառայությանը վերաբերող զեկույցով: Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը նշել է, որ իրենց ստացած դիմումների շրջանակներում ուսումնասիրվել են քրեական գործերի նյութերը, եւ ծառայության կողմից կատարված էական բացթողումներ, որոնք ազդել են քրեական գործի բացահայտման վրա, չեն հայտնաբերվել: Նույնիսկ առանձին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննությունն իրականացվել է պատշաճ մակարդակով: Այնուամենայնիվ, պարոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում առկա մի քանի խնդիրներ: Նա նշել է, որ ծառայության կողմից մի շարք քրեական գործերով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն չի կատարվել: Ըստ զեկուցողի` այսպիսի հետեւության հանգել են ոչ միայն իրենց ուսումնասիրությունների, այլեւ ներկայացված գրավոր եւ բանավոր դիմումների քննության արդյունքում: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն, անդրադառնալով զեկույցում տեղ գտած բացթողումներին, նշել է, որ ծառայությունն արձագանքել է բոլոր դիմումներին` տրամադրելով բողոքի վերաբերյալ ստացած տեղեկությունները: Նա նշել է, որ դեպքեր են եղել, երբ պահանջվել են որոշ տեղեկություններ, որոնք մերժվել են` չտնօրինելու պատճառաբանությամբ: Պարոն Բաբայանը նշել է, որ ՄԻՊ-ն ավելի օբյեկտիվ կլիներ, երբ զեկույցում ներկայացներ նաեւ ծառայության կատարած աշխատանքը: