Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանը գոյություն է ունեցել 29 դար շարունակ. գիտաժողով

Հասարակություն
gaa

Գիտությունների Ազգային ակադեմիայում այսօրվանից մեկնարկեց եռօրյա միջազգային գիտաժողով` նվիրված Վանի հերոսամարտի 100-ամյակին և Վան քաղաքի առաջին հիշատակության 2870-ամյակին: Կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն է`Վասպուրական հայրենակցական միության հետ համագործակցությամբ: Գիտաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի, մասնակցում է 45 հետազոտող, որոնցից մեկն ակադեմիկոս է, 15-ը` գիտությունների դոկտոր, 25-ը` գիտությունների թեկնածու: Զեկուցումներով հանդես եկան կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, Պատմական գիտությունների թեկնածու Երվանդ Գրեկյանը և այլ նշանավոր գիտանականներ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած գիտաժողովը նվիրված է Վանի հերոսամարտին, այնուամենայնիվ, ընդգրկած են այնպիսի թեմաներ, որոնք արծարծում են Վասպուրականի նահանգի պատմության առանձին դրվագներ: «Վանը աշխարհի եզակի քաղաքներից է, որը շարունակաբար գոյություն է ունեցել 29 դար շարունակ և այժմ առկա է բազմաթիվ մշակութային, հնագիտական ժառանգություն, որն ուսումնասիրման կարիք ունի, և այս գիտաժողովն էլ այդ բացը լրացնելու նպատակ ունի: Զեկուցումներում ներկայացվում են հին հարցեր` նորովի մոտեցմամբ»,- ասաց Հարություն Մարությանը: