Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը փորձում է կրկնել Սերգեյ Մովսիսյանի արդյունքը

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն այս օրերին մասնակցում է շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Մեր գրոսմայստերը համաձայնել է հանդես գալ նորաստեղծ Նովոսիբիրսկի «Սիբիր» թիմում: Նա մասնակցել է արդեն կայացած բոլոր երեք տուրերին, որոնցում տարել է մեկ հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը անհատական ցուցանիշով առայժմ 4-րդն է առաջնությունում: «Սիբիրը» հաղթել է իր բոլոր մրցակիցներին եւ այժմ 6 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի հանդիպումները: «Սիբիրը» կմրցի Մոսկվայի «Նաշե Նասլեդիե» թիմի հետ: Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա գրոսմայստեր Էրնեստո Ինարկիեւի հետ: Ի դեպ, մեր շախմատիստը հանդես է գալիս նաեւ գերմանական «Բադեն-Բադեն» թիմում, որը վերջերս դարձել է այդ երկրի չեմպիոն: Դա նշանակում է, որ Լեւոն Արոնյանը մեկ մրցաշրջանում կարող է դառնալ երկու երկրի չեմպիոն, ինչը դժվար է պատկերացնել մնացած մարզաձեւերում, մասնավորապես` ֆուտբոլում, քանի որ ֆուտբոլիստները չեն կարող միաժամանակ հանդես գալ տարբեր երկրների առաջնություններում: Ի դեպ, շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն այս տարի տարբեր թիմերի կազմում արդեն նվաճել է Գեմանիայի եւ Սլովակիայի չեմպիոնի կոչում: