Նախնական տվյալներով՝ ԼՂՀ-ում «Ազատ հայրենիքը» առաջատար է
Երեկ կայացան ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 72 039 ընտրող, որը ընտրողների 70, 6 տոկոսն է: ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում-բողոք չի ստացել ընտրությունների վերաբերյալ: ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում էին քաղաքական 7 ուժեր՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Շարժում-88» կուսակցությունը, Արցախի կոմկուսը, «Ազգային վերածնունդը» եւ «Խաղաղություն եւ զարգացում» նորաստեղծ կուսակցությունը: ԼՂՀ ԱԺ-ն ունենալու է 33 պատգամավոր: 22 պատգամավոր խորհրդարան է անցնելու համամասնական ընտրակարգով: 11 մեծամասնական մանդատները վիճարկում էին 42 թեկնածուներ: Քվեարկությունների նախնական ոչ պաշտոնական պատկերը հետեւյալն է.
- «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47%,
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5%-ի շեմին է,
- «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19%,
- «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.5%,
- «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն – 1%-ից քիչ,
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 19%,
- «Շարժում-88» կուսակցություն – 6.5%: