Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը լրագրողներին ցանկացավ ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն

Քաղաքականություն
photo.php_

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության օրվա առթիվ Աժ նախագահի ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Խոսքի ազատության եւ լրատվամիջոցների գործունեության համար արժանապատիվ պայմաններ ստեղծելը նույնքան մեծ պատասխանատվություն է, որքան այդ ազատությունից օգտվելը եւ այն ի շահ հասարակության գործածելը: Սա նշանակում է թշնամանքի եւ անհանդուրժողականության բացառում եւ գործընկերային փոխհարաբերություններ պետության, հասարակության ու ԶԼՄ-ների միջեւ՝ անկախ վերջիններիս ունեցած քաղաքական դիրքորոշումից, ուղղվածությունից եւ այն գաղափարախոսությունից ու գործելակերպից, որ բնորոշ է որեւէ լրատվամիջոցի: Այդ փոխհարաբերությունների հիմքը նույն հասարակության շահն է, որը գերակա է եւ խոսքի ազատությունը երաշխավորող իշխանության, եւ այդ ազատությունը գործնականում կրող ու իրացնող ԶԼՄ-ների համար: Լրատվամիջոցների այն բազմազանությունը, որ առկա է մեզանում, եւ նրանց անխոչընդոտ գործունեությունը փաստում են այդ շահի ըմբռնման ու գիտակցման մասին: Քաղաքացիական հասարակության կայացումը մեր երկրում չընդհատվող գործընթաց է: Պետությունն անհրաժեշտ իրավական եւ քաղաքական աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ ապահովելով այնպիսի մթնոլորտ եւ գործունեության պայմաններ, որոնց առկայությամբ հայաստանյան մամուլը կարողանում է լիարժեքորեն տիրապետել խոսքի ազատությանը եւ հնարավորինս օպերատիվ ու օբյեկտիվ արձագանքել հասարակության խնդիրներին, հրապարակայնացնել նրա հարցադրումները եւ պահանջները: Խոսքի ազատությունը պատասխանատվության հետ մեկտեղ պահանջում է նաեւ այն չարաշահելուց ձեռնպահ մնալու, ճշմարտության դեմ չմեղանչելու, պատեհապաշտությամբ եւ ամբոխահաճությամբ չգայթակղվելու խիզախություն: Վստահ եմ, որ մեր ԶԼՄ-ները կշարունակեն արժանապատվորեն գնահատել խոսքի ազատության սահմաններն ու հնարավորությունները՝ իրենց գործունեության ընթացքում առաջնորդվելով ճշմարտության առաջնայնությամբ եւ համամարդկային արժեքներով: Մաղթում եմ ձեզ, հարգելի լրագրողներ եւ ԶԼՄ-ների աշխատակիցներ, հաջողություն, բարեկեցություն եւ լավատեսություն»: