Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամին քշել է տանիքները, հոսանքազրկել՝ գյուղերը

Մարզեր
41

Երեկ երեկոյան ուժեղ քամին վնաս է հասցրել Սիսիանի շրջանի Անգեղակոթ եւ Իշխանասար գյուղերի բնակելի տների, անասնագոմերի, խոտի ամբարների տանիքներին: Քամուց զգալի վնաս է կրել Անգեղակոթ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը: 230 աշակերտ ունեցող դպրոցում փուլերով նորոգման աշխատանքն իրականացվել է 2008-ից մինչեւ 2013 թավականը: Քամուց վնասված տանիքը նորգվել էր մոտ 10 տարի առաջ: Այժմ, մի մասնաշենքի տանիքը հիմքից պոկված է, այն ամրացնել հնարավոր չէ, հարկավոր է փոխել։ -Հետեւանքը պետք է անհապաղ վերացնել, այլապես եթե անձրեւներ սկսեն, ջուրը ներս կլցվի եւ ամբողջությամբ կփչացնի նորոգված դասասենյակները,- ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Պետրոսյանը: Քամուց վնասված թիթեղն այլեւ օգտագործման պիտանի չէ, անպիտան են նաեւ տանիքի ամրության համար օգտագործված փայտերը: Նման ուժգնության քամիներ Անգեղակոթում չեն հիշում: -Ամսի 30-ի առավոտից հենց վատ եղանակ էր, շատ տաք էր, գոլորշին երկինք էր բարձրանում: Օրվա կեսից եղանակը փոխեց քամիներ սկսեցին: Արդեն երեկոյան քամին ուժգնացավ, սկսեց գազանի նման ոռնալ, փոշի բարձրացավ, վախից տուն փախանք: Երբ ամեն բան հանդարտվեց տեսանք, որ քամին կտուրից մի քանի շիֆեր է պոկել տարել,- ասում է Անգեղակոթի բնակիչ Երինոս Գեւորգյանը: Անգեղակոթից մոտ 11 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Իշխանասար գյուղում էլ է քամին ավերածություններ կատարել: Ագապի Մնացականյանի ընտանիքը այս գյուղի 25 տարվա բնակիչ է: Ուժեղ քամի էր, ասում է, սկզբում մտածել են, թե երկրաշարժ է, դուրս են վազել ու տեսել տունն առանց «կռիշի»: -Քամին էնքան ուժգին էր, որ թափով տան կռիշը վերցրավ շպրտավ: Տնից դուրս եկանք, տեսանք փետախառն տանիքը գետնին տապալված: Զարմանքը մեզ տարավ: Փոթորիկ էր, փաստորեն,- նշում է կինը: Իշխանասարում քամին վնաս է հասցրել 6 տնտեսության, տեղեկացնում է Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրմանատար Գարիկ Հովսեփյանը: 20 եւ ավելի մետր վայրկյան ուժգնության քամին կարող էր այսպիսի ավերածությունների պատճառ դառնալ, եզրակացնում է փրկարար ծառայության կապիտանը։ Ուժեղ քամուց որոշ ժամանակով երկու գյուղերն էլ հոսանքազրկվել են: 5 1 2 3 Արմեն Հովակիմյան, Սիսիան