Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոտոպատմություն՝ “Genealogy” խմբի անդամների մասնակցությամբ

Հասարակություն
12

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ “Genealogy” խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաեւ աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ եւ թեմատիկ արդուզարդ: “Genealogy” խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու եւ կրելու ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած հին հայկական տարազներից մինչեւ եվրոպական ոճի հագուստ: «Տարազ հագնելիս հայացքդ եւ ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը եւ զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրեւ հին մշակույթի մի պատառիկ, եւ երջանկություն է, որ մինչեւ մեր օրերը հասել են այդ պատառիկները եւ մենք դրանց կրողներն ենք այժմ»: Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը եւ Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ: Ստեֆանի Թոփալյան- «Տարազ կրելու համար բանիմաց մարդիկ են պետք, որ օգնեն ցանկացողներին ճիշտ կրել դրանք: Դա ինձ համար շատ հատուկ եւ հաճելի պահ էր, երբ կրում էի հայկական ազգային հագուստ: Ես վստահ եմ, իմ տատիկն ու պապիկը շատ կհպարտանային ինձնով, հատկապես, որ հենց հիմա գտնվում ենք Հայաստանում: Շատ կարեւոր պահ էր, վերադարձա իմ արմատներին»: Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան- «Հայկական ազգային տարազով առաջին անգամ էի: Այդ հագուստն այնքան գեղեցիկ է ՝գլխի հարդարանքները, զարդերը եւ ամբողջը հայկական նախշերը: Իսկապես ոգեւորիչ էր, հոգեպես կապվեցի իմ նախնիների հետ: Ես տեսել էի իմ նախնիների լուսանկարները այդ տեսակի տարազներով եւ դա, իրոք, շատ բան է նշանակում ինձ համար: Մայրիկիս մի լուսանկար ուղարկեցի, նա ասաց, որ տատիկիս եմ նման. շատ հուզիչ պահ էր»: Թամար Կապրելյան- «Ինձ համար մեծ պատիվ էր կրել հայկական ազգային հագուստ՝ տարազ: Ինձ տարբեր հագուստներ առաջարկեցին եւ շատ երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա ընտրելու հենց Խարբերդի տարազը. պապիկս Խարբերդից էր»: Եսայի Ալթունյանի հագին Լոռվա տարազն է: «Առաջին անգամ էի կրում տարազ. այնքան հպարտ զգացի: Տարազն այնքան էլեգանտ էր ու գեղեցիկ, որ մի պահ մտածեցի` նույնիսկ շատ տարիներ առաջ հայ ժողովուրդն արդեն ուներ իր հագուստի ճաշակն ու նորաձեւության զգացումը»: Վահե Թիլբյանը կրել է Վասպուրականի Շատախի շրջանի հագուստ: «Ես նախկինում էլ կրել եմ տարազ հայկական պարեր պարելիս, երբ դեռ Եթովպիայի հայկական դպրոցում էի սովորում: Դպրոցն ուներ երգչախումբ, եւ մենք բոլորս կրում էինք տարազ համերգների ժամանակ: Երբ նայեցի ինձ հայելու մեջ, իսկապես զգացի իրական հայկական ոգին: Դա ինձ հիշեցրեց իմ հայկական արմատների մասին. դա շատ զգացմունքային պահ էր, որ կմնա հիշողությանս մեջ»: Նկարահանման ընթացքում մասնակիցները ոգեւորությամբ ծանոթացել են հայկական տարազների ստեղծման պատմությանը, ազգային հագուստ կրելու առանձնահատկություններին, հագուստին ուղեկցող պարագաների բացահայտ եւ թաքնված իմաստներին: Լուսանկարներն արվել են Մարաշլյան ֆոտո ստուդիայում, լուսանկարիչ՝ Էմմա Մարաշլյան: Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: “Genealogy” խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են՝ երկրագնդի 5 աշխարհամասերից եւ Հայաստանից: Մայիսին կայանալիք երգի տոնին նրանք կկատարեն “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: 1 2 4 6 7 10 12. Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին