Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Human Rights Watch-ը մտահոգված է ՀԽ անդամների ձերբակալությամբ. նամակ ՀՀ գլխավոր դատախազին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
himnadir9

Human Rights Watch Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հայտարարությունը՝ Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ 27-ը ապրիլի, 2015թ. Հասցեագրված է՝ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Պարոն Գեւորգ Կոստանյանին,   Հարգելի պարոն Կոստանյան, Խնդրում եմ ընդունեք մեր հարգանքի հավաստիքը՝ Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության անունից։ Այս գրությամբ դիմում ենք Ձեզ՝ Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալության եւ նախաքննության վերաբերյալ, եւ սույնով դատախազությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել այդ կապակցությամբ։ Ինչպես տեղյակ եք, Human Rights Watch կազմակերպությունը միջազգային անկողմնակալ հասարակական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական նպատակն է պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում։ Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ մենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցով աշխատանքներ ենք տանում, եւ այդ համատեքստում այս երկու տասնամյակների ընթացքում երկխոսություն ենք ծավալել Հայաստանի կառավարության հետ։ Սույն թվականի ապրիլի 7-ին ոստիկանությունը Երեւանում ձերբակալել էՀիմնադիր Խորհրդարանի հինգ անդամների՝ Հիմնադիր Խորհրդարանի ղեկավար Գարեգին Չուգասզյանին, հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաեւ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին եւ Գեւորգ Սաֆարյանին։ Ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել վերը նշված անձանց բնակարաններում եւ Հիմնադիր Խորհրդարանի գրասենյակում, ինչից հետո բռնագրավել է փայտյա մահակներ, խոհանոցային դանակներ, էլեկտրական հարված հասցնող սարք, եւ անցած տարի հրատարակված եւ լայն հասարակության շրջանում հասանելի ցուցանակ։ Ոստիկանությունը նաեւ բռնագրավել է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Հիմնադիր Խորհրդարանի դրոշները։ Ապրիլի 9-ին Հատուկ Քննչական Ծառայությունը բոլոր հինգ անձանց հանդեպ մեղադրանք է առաջադրել անկարգությունների կազմակերպման (հոդված 225, մաս 1-ին, ՀՀ Քրեական Օրենսգիրք) եւ հանցագործության նախապատրաստման (հոդված 35) հոդվածներով։ Human Rights Watch կազմակերպությունը վերոհիշյալ անձանց իրավաբաններից տեղեկացել է, որ նշված մեղադրանքների պատճառը ապրիլի 24-ին, հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը, Հիմնադիր Խորհրդարանի կողմից Երեւանում նախապատրաստվող ցույցն էր։ Նշված խումբը նախքան այդ դիմել էր Երեւանի իշխանություններին եւ ցույց կազմակերպելու իրավունք էր խնդրել Երեւանի քաղաքապետարանից, որն արտոնել էր նշված միջոցառման իրականացումը Էրեբունի թանգարանին հարող տարածքում։ Հիմնադիր Խորհրդարանը տեղեկատվություն է տարածել այդ ցույցի վերաբերյալ, որը չպետք է խանգարեր հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին։ Ըստ վերոնշյալ անձանց իրավաբանների, մեղադրանքները կազմվել են նաեւ Հիմնադիր Խորհրդարանի թռուցիկներում պարունակվող տեղեկատվության հիման վրա, որը ներկայացնում է Հայաստանում խաղաղ ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու՝ այդ խմբի նպատակները, որը նաեւ ներառում է քաղաքացիական անհնազանդություն։ Ապրիլի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանը հաստատել է նախաքննության մարմնի կալանքի միջնորդությունը եւ բոլոր հինգ անձանց ուղարկել է նախաքննության շրջանում կալանքի։ Դատարանի որոշումից հետո իշխանությունները Սեֆիլյանին, Ավետիսյանին եւ Մանուկյանին ուղարկել են Վարդաշենի քրեակատարողական հիմնարկ, իսկ Չուգասզյանին եւ Սաֆարյանին ուղարկել են Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք ընդհանուր դատապարտյալների հետ նույն սենյակում են տեղավորվել։ Նշված անձանց իրավաբաններն իրենց մտահոգությունն են հայտնել բանտախցերում չափից շատ մարդկանց հետ մեկ սենյակում գտնվելու վերաբերյալ։ Ապրիլի 7-ին ձերբակալվելուց հետո Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել, որը շարունակվել է մի քանի օր՝ մինչեւ ապրիլի 13-ը։ Սաֆարյանի փաստաբաններից մեկը զեկուցել է, որ իր պաշտպանյալը ապրիլի 20-ի շրջանում հացադուլ է հայտարարել, որը հավանաբար իր բանտախցում գտնվող այլ անձանց կողմից վատ վերաբերմունքի հետեւանք է եղել։ Այդ ժամանակ բանտախցում եղել են ընդհանուր թվով 17 անձինք այն դեպքում, երբ ընդամենը ինը մահճակալ կար։ Սաֆարյանի՝ հացադուլ հայտարարելուց հետո վերջինս բժշկի կողմից ստուգման է ենթարկվել իր առողջական վիճակը գնահատելու նպատակով, որից հետո նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած այլ անձանց հետ մեկտեղ մեկ այլ բանտախուց։ Ապրիլի 27-ից ի վեր ոչ մի բժիշկ նրան չիայցելել։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Հիմնադիր Խորհրդարանի անդամների՝ խաղաղ քաղաքական հայացքների համար թիրախ դառնալու կապակցությամբ, եւ համոզմունք է հայտնում, որ առաջադրված մեղադրանքները սահմանափակում են նշված անձանց խոսքի ազատության, արտահայտման եւ ժողովներ անցկացնելու իրավունքը, որն ամրագրված է Քաղաքացիական եւ Քաղաքական Իրավունքների Միջազգային Համաձայնագրում (International Covenant on Civil and Political Rights (ICCPR)), որի մասնակիցներից մեկն էլ Հայաստանն է։ ՀՀ Քրեական Օրենսգրքի 225-րդ հոդվածը, որով նշված անձանց դեմ մեղադրանք է առաջադրվել, արգելում է <<զանգվածային անկարգությունների կազմակերպումը, որոնք ուղեկցվում են օրինախախտումներով, բռնություններով, հրդեհով, գույքին վնաս հասցնելով կամ ոչնչացնելով, ինչպես նաեւ զենքի, պայթուցիկների կամ պայթուցիկ նյութերի կիրառմամբ, կամ իշխանությունների ներկայացուցիչների դեմ զինված ըմբոստությամբ>>։ Հիմնադիր Խորհրդարանի՝ ցույցի անցկացման նպատակով օգտագործված թռուցիկը եւ տեղեկատվական նյութերը քաղաքացիական անհնազանդության եւ խաղաղ ճանապարհով իշխանափոխության կոչեր են պարունակում։ Ի լրումն, նախաքննության շրջանում ձերբակալումը պետք է դիտվի, որպես ամենավերջին միջոց։ Վերը նշված՝ Քաղաքացիական եւ Քաղաքական Իրավունքների Միջազգային Համաձայնագրի (ICCPR) 9(3)-րդ կետը սահմանում է, որ <<դատաքննությանը սպասող անձանց ձերբակալությունը նախաքննության շրջանում չպետք է դիտվի, որպես ընդհանուր կանոն>>։ Միջազգային ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովը, որը նշված միջազգային համաձայնագրի վարչարարական մեկնաբանությունն է սահմանում, եզրակացրել է, որ ստորագրությամբ կամ այլ պայմանով ազատ արձակվելու իրավունք պետք է տրամադրվի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հավանականություն կա, որ մեղադրյալը կարող է փախչել, վկայություններ վերացնել, կամ վկաների վրա ճնշում գործադրել։ Հաշվի առնելով Հիմնադիր Խորհրդարանի խաղաղ տեսակետները, ինչպես նաեւ ձերբակալության համար իրավազոր եւ վստահելի հիմքերի բացակայությունը, մենք համոզված ենք, որ վերոնշյալ անձինք պետք է ազատ արձակվեն ընթացիկ նախաքննության ժամանակահատվածում։ Մենք նաեւ մտահոգված ենք, որ այն անձինք, ում հանդեպ մեղադրանք է առաջադրվել եւ հետաքննությունը դեռ չի ավարտվել, ներկայումս կալանքի տակ են գտնվում արդեն իսկ դատապարտված անձանց հետ նույն սենյակում, ինչը նախաքննության միջազգային չափանիշների խախտում է։ Քաղաքացիական եւ Քաղաքական Իրավունքների Միջազգային Համաձայնագրի (ICCPR) 10(2)(ա) հոդվածը պարտադրում է, որ այն անձինք, ում հանդեպ մեղադրանք է առաջադրվել եւ նախաքննությունը դեռ չի ավարտվել, պետք է առանձնացվեն արդեն իսկ դատապարտված անձանցից, եւ իրենց հանդեպ վերաբերմունքը պետք է համապատասխանի իրենց՝ դատապարտված չլինելու համապատասխան կարգավիճակին։ Ըստ վերոնշյալ անձանց փաստաբանների, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը թույլ չի տվել ձերբակալվածների ընտանիքի անդամներին տեսակցել իրենց հարազատներին, ինչը թույլատրելի է նախաքննության ընթացքում՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հայեցողությամբ։ Քրեակատարողական հիմնարկների ղեկավարության հայեցողությամբ նման որոշման հնարավորությունը չպետք է օգտագործվի՝ մարդկանց իրենց քաղաքական հայացքների եւ կարծիքների համար պատժելու նպատակով։ Հիմնվելով վերոնշյալ մտահոգությունների վրա, դատախազությանը կոչ ենք անում իրականացնել հետեւյալ քայլերը. Առանձին կերպով վերանայել այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են Հիմնադիր Խորհրդարանի անդամների՝ ազատ խոսքի եւ հավաքների անցկացման իրավունքի վրա ճնշումներ գործադրելու նպատակով. Ազատ արձակել հինգ անձանց քրեակատարողական հիմնարկներից, եւ իրականացնել արագացված, անկողմնակալ եւ վստահելի հետաքննություն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ Մինչեւ նշված անձինք կազատվեն եւ իրենց հանդեպ անկողմնակալ հետաքննություն կիրականացվի, կոչ ենք անում իրականացնել հետեւյալ քայլերը. Անմիջապես քայլեր ձեռնարկել, որպեսզի Չուգասզյանը, Սեֆիլյանը, Ավետիսյանը, Մանուկյանը եւ Սաֆարյանը տեղափոխվեն այնպիսի սենյակներ, որտեղ չեն լինի արդեն իսկ դատապարտված անձինք, եւ որտեղ նրանց կտրամադրվի պատշաճ բուժզննման եւ իրավաբանական ծառայություններ. Թույլ տալ Չուգասզյանին, Սեֆիլյանին, Ավետիսյանին, Մանուկյանին եւ Սաֆարյանին տեսակցելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, ընդունել իրենց ընտանիքներին. Հետաքննություն իրականացնել այն վկայությունների կապակցությամբ, ըստ որոնց Սաֆարյանը իր հետ նույն սենյակում գտնվող կալանավորների կողմից ենթարկվել է վատ վերաբերմունքի, եւ իր անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել։ Շնորհակալություն ենք հայտնում մեր մտահոգությունների վերաբերյալ Ձեր կողմից ցուցաբերված ուշադրության համար։ Հարգանքներով՝ Ռաքել Դենբեր, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Հյուգ ՈՒիլլիամսոն, <<Human Rights Watch>> իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն թարգմանությունը՝ Կամո Մայիլյանի