Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաթևի տարածաշրջանում ստեղծվելու է ազգային պարկ

Հասարակություն
unnamed510

Երևանում այսօր տեղի է ունեցել «Տաթև» ազգային պարկի և Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ տարբեր կառույցների՝ պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթևի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը։ Ծրագրերի շրջանակում կիրականցվեն նաև աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման և կառավարման բարելավման ուղղությամբ։ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով նոր ազգային պարկի ստեղծման նախաձեռնությունը, նշել է. «Նախատեսվող «Տաթև» ազգային պարկի տարածքը բնութագրվում է հարուստ և եզակի մշակութային և բնական ժառանգության վայրերով, ինչի շնորհիվ տարածքը դարձել է Հայաստանում զբոսաշրջության առանցքային վայրերից մեկը: Ազգային պարկի ստեղծումը ոչ միայն կապահովի այդ տարածքի էկոհամակարգերի և հարուստ կենսաբազմազանության պահպանությունը, այլ նաև կխթանի զբոսաշրջության հետագա զարգացումը, ինչպես նաև կնպաստի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողություն մաղթելով ծրագրերի իրականացմանը` ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է արդյուանվետ համագործակցել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր հարցերում»: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, կարևորելով այս ծրագրի նշանակությունը IdeA-ի համար, նշել է, «Հիմնադրամը փորձում է Հայաստանում և Արցախում իրականացվող բոլոր ծրագրերն անպայման զուգակցել բնապահպանական բաղադրիչի հետ: Այդ իմաստով, այս ծրագիրն առաջինն է մեզ համար, և կարևորում ենք դրա հաջող իրականացումը»: Նա նկատել է, որ բացառիկ համագործակցության ձևաչափ է ստեղծվում, երբ հասարակական կազմակերպությունները, պետական մարմինների, տեղական և տարածքային կառավարման մարմիների հետ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նման ծրագրեր են կյանքի կոչում: «Համոզված եմ, որ այս ձևաչափը կարող է օրինակ ծառայել տարածաշրջաններում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար»,- ընդգծել է նա: