Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանն ուզեց, բայց չկարողացավ արձագանքել Լ. Զուրաբյանին

Քաղաքականություն
zurabyan1

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները նշեցինք հավուր պատշաճի, եւ աշխարհը դատապարտեց այն` այդպիսով շոյելով մեր ազգային ինքնասիրությունը. «Սակայն ապրիլի 25-ից սկսած աշխարհն անցավ իր սովորական անցուդարձին, ու ՀՀ-ն վերադարձավ իր առօրյային` սոցիալական ու անվտանգության կացության համար նույն ահռելի մարտահրավերներին: Երկիրը շարունակում է խեղդվել նույն կոռուպցիայի ճիրաններում, ընտրությունները շարունակվում են կեղծվել` օտարելով մարդկանց պետական կառավարման ինստիտուտներից: ՀՀ բանտերում կա 16 քաղբանտարկյալ: Չկա օրենք ու արդարադատություն, եւ մարդիկ կորցրել են իրենց հավատը երկրի լավ հեռանկարի նկատմամբ»: Նա հռետորական հարց ուղղեց` այսքանից հետո կարո՞ղ ենք խոսել այն մասին, որ մենք` որպես ազգ, ճիշտ ենք նշել Ցեղասպանության 100-ամյակը. «Միանշանակ ոչ: Ճիշտ նշել, նշանակում է ստեղծել ժողովրդավար պետություն: Սա պետք է լիներ մեր նպատակը, որպեսզի կարողանայինք պատշաճ ձեւով հարգել զոհերի հիշատակը»։ Ի պատասխան Լեւոն Զուրաբյանի ելույթի` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ափսոս, անդրադառնալու հնարավորություն չունեմ»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշեց, որ իր հայտարարության տեքստը շնորհակալական խոսք է: Այնուհետեւ, նա սկսեց մեկ առ մեկ թվարկել բոլոր այն մարդկանց, երկրների, կազմակերպությունների, կառույցների անունները, որոնք իրենց դերակատարումն են ունեցել հայոց ցեղասպանության ճանաչման ու դատարպարտման գործում: Նրա հայտարարությունը ներկաների կողմից ընդունվեց ծափողջույններով: