Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ուզում եք կրկնապատկվի գլխացավը, ապա խմեք մեզ մոտ վաճառվող դեղերը». Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
naira-zohrabyan2

ԱԺ-ն այսօր քննարկում էր բժիշկների որակավորման, սերտիֆիկացման մասին օրենքը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր հարցն այսօր քննարկվելիք թեմային չի վերաբերում, սակայն օգտվելով առիթից, որ հնարավորություն կա անձամբ հարց ուղղել Առողջապահության նախարարին, նա հետաքրքրվեց նոր կառուցվող Ուոուցքաբանության ինստիտուտի մասին. «Բոլորս էլ գիտենք, թե ինչ ողբալի վիճակում է գտնվում գործող կենտրոնը: Մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ իր  առողջությունը երբեւէ չի վստահի գործող այդ կենտրոնի մասնագետներին: Մենք կարող ենք լավագույն շենքներն ունենալ, սակայն չվստահել մասնագետներին»: Պատգամավորը նախարարից հետաքրքրվեց՝  ի՞նչ է արվում, որ Ուռուցքաբանության նոր կենտրոնը բովանդակային առումով լինի բարձր մակարդակի ծառություն մատուցող կենտրոն. «Քիմիոթերապիայի դեղերը, որոնք բերվում են Եվրոպայից եւ կոնկրետ մեկ-երկու ընկերություն է մատակարարում, որակական առումով  տարբերվում են այն դեղորայքներից, որոնք կարող ենք ձեռք բերել Եվրոպայից, տարբերվում են իրենց ազդեցությամբ»: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց՝ ասելով, որ բավականին մեծ գործընթացներ են գնում նոր կենտրոնի շինարակական ու կազմակերպչական աշխատանքների առումով. «Քսան հազար հիվանդ է ընդունում գործող կենտրոնը, որը, սակայն, այսօր կարիք ունի արդիականացման: Այս գործընթացը ամբողջ աշխարհում է տեղի ունենում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ բժշկության մեջ խիստ կարեւոր են չափորոշիչներն ու ուղեցույցները»: Ինչ վերաբերում է դեղերին, ապա նախարարը նշեց, որ այդ մասին ավելի մանրամասն կխոսեն «Դեղերի մասին» օրենքի քննարկմանը: Սակայն մինչ այդ, նա վստահեցրեց, որ յուրաքանչյուր դեղ անցնում է փորձաքննություն, ստուգվում է դրա կենսահամարժեքությունը: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ հատկապես վերջին ամիսներին ինքը հիմնավորապես զբաղվում է այդ հարցերով ու պարզել է, որ ՀՀ-ն աշխարհի այն բացառիկ եռյակի մեջ է մտնում,  որտեղ քաղցկեղը երիտասարդանում է ու տարածվում է հատկապես երեխաների շրջանում. «Չե՞ք կարծում, որ քաղցկեղի դեմ պայքարի գործում ազգային ծրագիր պետք է լինի: Այդ ոլորտի մասնագետների լրջագույն դեֆիցիտ ունենք: Ինչ վերաբերում է դեղերին, ապա ամենասովորական նուրոֆեն դեղը, որը բերում ենք Եվրոպայից, լրիվ այլ ազդեցություն ունի, իսկ նույն դեղը մեր դեղատներից գնելիս, եթե գլխացավ ունեք, ապա մեր մոտ վաճառվող տարբերակը խմելիս ձեր գլխացավը կկրկնապատկվի»: Նախարարը վստահեցրեց, որ սկրինինգային ծրագրեր կան, որոնք իրականացվում են պետական ծրագրերի հաշվին եւ, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում գործում է համապարփակ ու ազգային ծրագիր: «Ինչ վերաբերում է դեղերին, ապա դրանց որակը պետք է որոշել ոչ թե անհատների գլխացավերի մակարդակով, այլ լուրջ հետազոտություններով, որոնք իրականացվում են»: