Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշակերտի նման քննություն ենք հանձնում». դպրոցի տնօրեն (տեսանյութ)

Հասարակություն
tnorenner

Մայրաքաղաքի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր քննություն էր, բայց ոչ աշակերտների համար։ Իրենց գիտելիքներն էին չափում Երևանի ու մարզերի տասնյակ դպրոցների տնօրեններ և այդ պաշտոնին հավակնող մանկավարժներ։ «Ավելի բարդ էի պատկերացնում, շատ լավ էր կազմված։ Պատահական մի սխալ նշում կատարեցի, բայց դե մեղքն իմն էր»,-ասում է Ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ազգային պոլիտեխնիկական դպրոց-հիմնադրամի ուսուցիչ Անդրանիկ Խզարջյանը։ Նա չի հասկանում այն ուսուցիչներին, ովքեր բողոքում են այս նախաձեռնությունից։ «Մարդ պետք է ինքնասիրահարված չլինի։ Արդեն 20 տարուց ավելի է՝ դասավանդում եմ Պոլիտեխնիկում, բայց կարծում եմ՝ միշտ էլ սովորելու տեղ կա։ Մանկավարժը պետք է միշտ ինքնավերապատրաստում անցնի, իսկ սա զգաստացնող լավագույն միջոցներից մեկն է»,-շեշտում է պարոն Խզարջյանը։ Քննությունը հաջողությամբ հաղթահարելու դեպքում ակնկալում է դառնալ հենց ճարտարագիտական համալսարանի ավագ դպրոցի տնօրենը։ Իսկ Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցի տնօրեն Լյուդմիլա Մարգարյանը երկրորդ անգամ է մասնակցում քննությանը։ Առաջին անգամ, ասում է՝ սթրեսներով հագեցած օր է անցկացրել, հիմա ավելի ինքնավստահ է. «Առաջինը գերազանց եմ հանձնել, հիմա գրավոր փուլը կարծես էլի գերազանց եմ գրել, մնում է բանավորը»,-նշում է տիկին Մարգարյանը։ Ինքն այս քննության անցկացման հարցում խնդիր է տեսնում։ «Փորձառու տնօրենների համար նախընտրելի կլիներ վերապատրաստումը, ատեստավորումը, բայց ոչ այսպիսի քննությունը։ Իհարկե, սկսնակների համար, ովքեր նոր են ուզում դառնալ տնօրեն, կարծում եմ՝ սա անհրաժեշտություն է, բայց ոչ մեծերի»,-շեշտում է 18 տարվա տնօրենը։ Գավառի թիվ 3 դպրոցի տնօրեն Մելանյա Հովակիմյանը նույնպես դեմ է քննության՝ այս կերպ անցկացմանը։ 12 տարի է՝ տնօրեն է աշխատում, բայց ասում է՝ աշակերտի նման քննություն է հանձնում։ «Օրենքների վերաբերյալ հարցեր կան ու այդ սահմանումներն անգիր հիշելը դժվար է։ Մեծահասակ տնօրենները չեն կարող ամեն ինչ հիշել, իսկ երիտասարդները սիրուն-սիրուն անգիր են անում, գալիս, լրացնում ու անցնում են»,-ընդգծում է տիկին Հովակիմյանը։ Իր համար նախորդ անգամ անցկացված քննության հարցերն ավելի հեշտ են եղել, հիմա, ասում է՝ մի քիչ խառնող հարցեր կային, որ եթե հմուտ չլիներ, սխալ կլրացներ։ «Մի վրիպում եմ արել և կարծում եմ՝ 60 միավորից 59 կստանամ»,-նշում է նա։ Քննության 1-ին փուլը բարեհաջող հաղթահարած տնօրենները կմասնակցեն 2-րդ՝ բանավոր փուլին, որն անցնելուց հետո միայն կստանան համապատասխան հավաստագիր։ Դա թույլ կտա շարունակել պաշտոնավարել դպրոցում տնօրենի պաշտոնում։