Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող ենք կորցնել մեր պապերի գերեզմանների տեղերը»

Քաղաքականություն
tevan1

ԱԺ-ն այսօր 2-րդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության եւ ՕԵԿ ներկայացրած նախագծերը՝ դիակիզարանների ու մասնավոր գերեզմանատների մասին: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ կարող են միավորել այս երկու նախագծերը: Ներկայացված նախագծերով առաջարկվում էր հիմնել մասնավոր գերեզմանատներ, կնքել պայմանագրեր` 15 տարով: Եթե այս ընթացքում չի երկարացվում պայմանագիրը, ապա արտաշիրմում է արվում, աճյունը դիակիզվում է ու սափորի մեջ պահվում հուշապատի մեջ: Նման ձեւակերպումներն ու հատկապես պայմանագրի ժամկետը խիստ անընդունելի է համարում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Իր ելույթում նա հայտարարեց, որ այդպիսով կարող ենք կորցնել մեր պապերի գերեզմանների տեղերը. «Պետք է հաշվի առնենք մեր ազգային արժեքները, մյուս խնդիրները պահանջում են տեխնիկական լուծումներ: Եթե անձը մեկ անգամ պայմանագիր է կնքել, ապա նշանակում է, որ նա չի կորելու, նրա անձնագրային տվյալներ էլեկտրոնային տարբերակներով ձեզ մոտ պահպանվում են: Այդ դեպքում բոլորովին էլ հարկավոր չէ, որ անձը ամեն 15 տարին մեկ անգամ գա երկարացնի պայմանագիրը»: Նա առաջարկում է պայմանագրի ժամկետը սիմվոլիկ նշանակել՝ հարյուր տարի. «Այդ ընթացքում անձը կհասցնի մի քանի անգամ կապվել ձեզ հետ կամ այդպես երկարացնել պայմանագիրը: Այսպիսով, կոնկրետ ժամկետ նշանակելով պայմանագրի համար, հոգեբանական ազդեցություն էլ դա կունենա, որ իրենց հարազատի աճյունը կարող է միայն այդքան տարի մնալ հողին ամփոփված: Մենք ազգովի պայմանագրեր չենք սիրում կնքել, դրանց մասին հիշում ենք միայն դատարաններում: Խնդրում եմ՝ մեկ անգամ եւս վերանայեք նախագծերը, որ շատ ավելի լավ լուծում գտնեք ու պայմանագրի ժամկետի սիմվոլիզմն էլ պահպանենք»: Իսկ ՕԵԿ պատգամավոր, նախագծերից մեկի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը, նախ խոսեց մասնավոր գերեզմանատների ու հատկապես դիակիզարանների կարեւորության մասին, ապա ասաց. «Մեր երկրի գերեզմանները, տեսեք՝ ուր են հասել, հասել են արդեն մայրուղիներ, փողոցներ ու չեմ ուզում պատկերացնել՝ եթե բեռնատարը հանկարծ շեղվի ճանապարհից, ինչ կկատարվի հետո: Մենք կշարունակենք համագործակցել կառավարության հետ, որ այս նախագծերը ընդունվեն»: