Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 27-ի օրերը. տնտեսական կայունություն՝ ինչպես գերեզմանոցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

2000 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացնում։Նրա հետ հրաժարական են տալիս զինվորական դատախազության հոկտեմբերի 27-ի գործով նախաքննական մարմնի քննիչները։ Գագիկ Ջհանգիրյանի հիմնավորումն այն է, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում 9 հոգու սպանության պատճառ դարձած ահաբեկչության նախաքննությունը չպետք է գտնվի զինվորական դատախազության վարույթում։ Գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը չի ընդունում զինվորական դատախազի եւ դատախազության քննիչների հրաժարականը` հայտարարելով, որ նրանք քրեական օրենքների պահանջների որեւէ խախտում թույլ չեն տվել։ Նույն օրը Մոսկվա է մեկնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա այնտեղ պետք է փորձի քննարկել Ռուսաստանին ունեցած մեր պարտքերը, ինչպես նաեւ գազամատակարարման սակագները։ Նախատեսված չէ, որ պարոն Սարգսյանը կհանդիպի Ռուսաստանի նորընտիր նախագահի հետ, բայց եթե այն կայանա, դա շատ բան կնշանակի  Այս օրը «Միասնություն» դաշինքը «Կայունություն» խմբի հետ հրավիրում է Ազգային Ժողովի արտահերթ նիստ վիճարկելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը՝ հոկտեմբերի 27-ի գործով լսումներին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությունը չթույլատրելու նպատակով։ «Կայունությունը» նախորդ օրը հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին եւ հրաժարվել մասնակցել արտահերթ նիստին։ Նույն նիստին քննարկվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունն սկսելու նպատակահարմարությունը։ Սակայն այս հարցով էլ դաշինքը որոշում չկայացրեց։ 2001-ի այս օրը 15 տարի առաջ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունի հետեւանքների վերացմանը մասնակցած հայաստանցիները նշում են «Հայաստան-Չեռնոբիլ» միության հիմնադրման 10-ամյակը։ Աղետի վերացմանը մասնակցած 3 հազար հայաստանցիներից 3 հարյուրն այդ պահին արդեն մահացել էին դոզայից բարձր ճառագայթման արդյունքում։ Միության անդամները տեղեկացնում են, որ իրենց խաբեությամբ են տարել այնտեղ «Բաշխիչ ցանցերը դարձել են տանը մնացած հարսի նման մի բան»,-ցանցերի սեփականաշնորհման միջազգային մրցույթի ձախողումից հետո լրագրողներին ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ ոչ ոք ցանկություն չէր հայտնել գնել այն թանկ լինելու պատճառով։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր որոշմամբ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատում է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ Վերջինս մի քանի օր առաջ էր լքել Մարգարյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը 2002 թվականի այս օրն ավետում է, որ Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե, իհարկե, նրանց իրավունքները խախտվել են։Արդեն իսկ խոսվում է, որ Հայաստանն այդ դատարանում կներկայացնի Սահմանադրական դատարանի միակ կին անդամ Ալվինա Գյուլումյանը։ 2004 թվականի ապրիլի 27-ին ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանին մեկ շաբաթ ժամանակ է տալիս հրաժարական ներկայացնելու համար։ «Եթե չեք պատասխանի, մայիսի 4-ին սպասեք հուժկու հարվածի»,-հայտարարում է Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Նույն օրը իշխանամետ պատգամավորները հայտարարում են, թե ընդդիմության գործողությունները վտանգում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ Թամար Պողոսյանի եւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջրերն արդեն 4 ամսի մի առվով չեն հոսում։ Տիկին Պողոսյանն ընդունում է իր պարտությունը եւ հրաժարական է տալիս։ Նա սփյուռքի նախարարին մեղադրում էր հիմնադրամում չարաշահումներ անելու մեջ եւ այդ մասին տեղյակ պահում Սերժ Սարգսյանին, դատախազին եւ վարչապետին։ Բոլորն էլ տիկին Պողոսյանի դիմումն ուղարկում են Հրանուշ Հակոբյանին Հրանտ Բագրատյանը հայտարարում է ՝ Հայաստանում իսկապես ֆինանսական կայուն դրություն է, բայց գերեզմանոցում էլ է կայունություն, ակնկալվում էր սովորական գնաճ, մինչդեռ 2011-ի ապրիլի 27-ի դրությամբ քառատրոփ գնաճ է։ Ու Տիգրան Սարգսյանի կառավարության համար ելք չկա՝ լցնել բյուջե՞ն, թե պայքարել գնաճի դեմ