Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հալէպ պատմական ու ճակատագրական պահեր կ'ապրի»

Քաղաքականություն
Hrach-photoooo

Սիրիայում տիրող իրավիճակի ու հայկական համայնքի խնդիրների շուրջ «Ա1+»-ը զրուցեց «Ազատ-Հայ Միջին արեւելք» լրատվական կայքի հիմնադիր եւ խմբագիր, Արաբական միացյալ էմիրություններում բնակվող մեր հայրենակից Հրաչ Քալսահակյանի հետ։ Վերջինս մշտապես տեղեկություններ է ստանում դեպքերի վերաբերյալ։ -Ի՞նչ կերպ եք տեղեկանում Սիրիայում կատարվող դեպքերի մասին։ Այս պահին հայկական կողմից աջակցություն կա՞, թե՞ ոչ։ -Սուրիայի դէպքերուն մասին կը տեղեկանամ ծանօթներու եւ հարազատներու միջոցով, ինչպէս նաեւ ֆեյսպուքի «Հալէպահայեր» խումբին ատմին ըլլալու հանգամանքին շնորհիւ: Այդ խումբին, ի դէպ՝ մաս կը կազմեն տասնեակ մը հայաստանցի լրագրողներ, որոնք կը հետեւին Հալէպի եւ Սուրիոյ միւս շրջաններու լուրերուն ու կը լուսաբանեն Հայաստանի ու արտերկրի հայութիւնը: Վերջին օրինակը կրնամ յիշել հայ մանուկները ու դպրոցականները Հալէպէն դուրս բերելու մեր կոչն էր, որ խումբի միջոցով հասաւ Հայաստանի ԶԼՄ-ներուն: Բարեբախտաբար ՀՀ վարչապետը արձագանքեց այդ կոչին ու յայտնեց, որ կառավարութիւնը պատրաստ է ամէն միջոց ընծայելու՝ դպրոցականները ու երեխաները ընդունելու Հայաստանի մէջ: -Վերջին օրերին էլ այնտեղ դարձյալ իրավիճակը լարված է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։ -Այո, իրավիճակը շատ լարուած եւ ծայրաստիճան վտանգաւոր է: Հալէպ պատմական ու ճակատագրական պահեր կ'ապրի: Գաղթի ալիքը շատ մեծ է: Վերջին մէկ շաբթուայ ընթացքին Սուլէյմանիէ թաղամասին մէջ եղած հրթիռակոծութենէն ետք Հալէպէն դուրս եկած հայերու թիւը կը գնահատուի 500-700: Հոսքը այս րոպէին կը շարունակուի:Երեք օրէ ի վեր քաղաքին մէջ ելեկտրական հոսանք եւ ըմպելի ջուր չկայ օրուան բոլոր ժամերուն: Համացանցը չի գործեր մէկ ամիսէ ի վեր: Հարազատներ չեն կրնար իրար հետ կապուիլ: Մարդիկ տխուր ու մտահոգ են ու իրենց տուներուն մէջ ամփոփուած՝ անորոշ ճակատագրին դէմ դիմաց: Ահաւոր սղութիւն ալ սկսած է վերջին օրերուն: Ականատես կ'ըլլանք ամբողջ քաղաքի մը մաշումին, իսկ հայկական իմաստով ամբողջ համայնքի մը քայքայումին: