Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքական պատվիրակությունից միայն մեկը ոտքի կանգնեց»

Քաղաքականություն
exxv2

Ապրիլի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստի աշխատանքներն այսօր ԱԺ-ում ամփոփեցին հայկական պատվիրակության անդամները: Նրանք գոհ էին ԵԽԽՎ-ում իրենց կատարած աշխատանքներից: Պատվիրակության նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ կային պատվիրակություններ, որոնք հայտարարել են, որ իրենք եւս առաջիկայում միանալու են Հայոց ցեղասպանության մասին հռչակագրին: Պատվիրակության անդամ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հռչակագրում կոչ էր արվում բոլոր պատվիրակներին՝ իրենց վերաբերմունքն արտահայտել Ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ նստաշրջանի օրերին նաեւ անմոռուկներով կրծքանշաններ են բաժանել թուրք պատվիրակներին: «Նրանք ինձ հետ ոչ պաշտոնական զրույցներում շնորհակալություն հայտնեցին՝ իրենց փոխանցած նվերների համար: Մյուս երկրների պատվիրակներին եւս տրվել են խորհրդանշաններ ու բացատրվել դրանց իմաստը: Նրանցից շատերը եւ կրել են անմոռուկներով կրծքանշանները, եւ մասնակցել ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդեսին»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ադրբեջանցիների կողմից որեւէ արձագանք չի եղել. «Ինչ վերաբերում է թուրքական պատվիրակությանը, ապա երբ բոլորը, այդ թվում՝ ադրբեջանցիները, ոտքի կանգնեցին՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը, թուրքական պատվիրակոււթյունից ոտքի կանգնեց միայն մեկ ներկայացուցիչ՝ ԵԽԽՎ խտրականության դեմ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Դրանից հետո մեր ունեցած տեղեկություններով, թուրքական պատվիրակության ներսում բավականին լուրջ քարկոծումներ են եղել նրան ուղղված: Սա փոքրիկ ցուցադրումն էր թուրքերի ժողովրադավար լինելու մասին»: Ի դեպ, պատվիրակության անդամները տեղեկացրին, որ մայիսի 19-ին Երեւանում կանցկացվի ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստը: