Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հողն արյունով կառնվի. հիմա մենք բավարար արյուն ունե՞նք». ամերիկահայ (տեսանյութ)

Քաղաքականություն
amerikahay

«Մենք թափթփված ժողովուրդ ենք, թերևս, թուրքերն ուզեցին, որ այդպես լինի։ Բայց այս անգամ հայ ժողովրդի կազմակերպվածության ոգիի վրա հույսերս վերականգնվեցան»,-ասել է Ռամկավար ազատական կուսակցության՝ ԱՄՆ-ում գործող կենտրոնական վարչության պատասխանատու, ամերիկահայ հրապարակախոս Երվանդ Ազատյանը՝ խոսելով Ցեղասպանության տարելիցի միջոցառումների մասին։ 50 երկրի ներկայացուցիչ Հայաստան բերելը, նրա խոսքով, մի օրվա գործ չէ։ «Բացի այդ, նոր մտածողություն տեսա։ Եթե անցյալի ամոթխած քաղաքականությամբ վարվեինք, Քարդաշյան քույրերը չպիտի բերեինք Հայաստան, SOAD խումբը չպիտի ելույթ ունենար այս օրերուն»,-շեշտել է նա։ Խոսելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլ 24-յան ելույթից, պարոն Ազատյանը հիշեցրել է. «Օբաման միակ նախագահը եղած է, ով խորքային կերպով ներկայացուցած է ցեղասպանության հարցը։ Ոչ մի նախագահ չի գնացել Թուրքիո խորհրդարան ու բոլորի առջև անդրադարձել այս խնդրին, պահանջելով, որ այդ երկիրն առերեսվի իր պատմության հետ»։ Ըստ Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցչի՝ եթե Միացյալ նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հաջորդ քայլն է առաջ գալու. «Պետք է այդ դեպքում միջազգային դատարան դիմել, հողային ու ինչքի պահանջ ներկայացնել Թուրքիային»,-ասել է նա։ Իսկ ԱՄՆ-ում ապրող մոտ 1 մլն բնակչությունը, նրա խոսքով, քաղաքական ուժ չեն ներկայացնում իրենցից, որպեսզի աջակից լինեն այս հարցում։ Թուրքիային պահանջներ ներկայացնելու տեսակետից պարոն Ազատյանը կարծում է, որ եթե այդ մասին բացեիբաց խոսվի, կնշանակի, որ պատերազմ է հայտարարվում այդ պետությանը։ «Ասում են՝ հողն արյունով կառնվի։ Հիմա մենք բավարար արյուն ունե՞նք»,-հարց է ուղղում գործիչը։ Ըստ նրա՝ եթե թուրքաբնակ քրդերին հաջողվի Քրդստան պետություն ստեղծել, մեր գործն ավելի կբարդանա։ «Մեր պետությունը պետք է զինե սփյուռքը, որ հայությունն ամեն տեղ դառնա քաղաքական գործոն։ Շատ տեղերում միայն եկեղեցական կառույցներ կան, մեզի վեղարով կճանչնան։ Իսկ Թուրքիայում առնվազն 2 մլն հայի կարող ենք արթնացնել։ Եթե նրանց բերենք Հայաստան ու թեկուզ ոչ հայերեն, այլ թուրքերեն, քրդերեն պատմեն իրենց հետ կատարվածը, դա կարևոր գործ կլինի»,-եզրափակել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչը։