Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանգյանը` երեւանյան համերգին իր քաղաքական կոչերի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tangyan

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հանդիսատեսի հետ հանդիպում-քննարկումից հետո հայ աշխարհահռչակ երաժիշտներ Տիգրան Մանսուրյանը, Տիգրան Համասյանը, Լիլիթ Պիպոյանն ու Սերժ Թանգյանը հանդիպեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Ա1+»-ի այն հարցին, թե երեւանյան համերգի ժամանակ SOAD-ը կոնկրետ քաղաքական կոչեր հնչեցրեց` ուղղված ՀՀ Կառավարությանը, ինչ արձագանքներ եղան իշխանությունների կողմից, SOAD մենակատար-երաժիշտ Սերժ Թանգյանը այսպես պատասխանեց. «Հայաստանի հետագայի մասին էի մտածում, նույն պահին մեծ մորս ու հորս մասին էի մտածում, որ այդ խոսքերը ասի, ու բոլոր երկրներին, որոնք ՀՀ-ի հետ կապ ունեին, թե շնորհակալություն ասացի, թե պատասխանատվությունները հիշեցրի»: Երբ փորձեցինք կրկին անգամ ճշտել` արդյո՞ք ՀՀ Կառավարությունից եղան արձագանքներ, պարոն Թանգյանը կարճ պատասխանեց. «Չէ»: Երգիչ-երգահան Լիլիթ Պիպոյանը ներկա էր SOAD համերգին եւ նշեց, որ շատ ազնիվ, մաքուր, հստակ դեմքեր տեսավ համերգին ներկա գտնվողների մեջ. «Ես տեսա այդ ոգեւորությունը, տեսա այդ միացյալ էներգիան, որ բոլորին միավորում էր, ու ինձ համար շատ հաճելի էր տեսնել այդ երիտասարդությանը, քանի որ ինչ-որ շատ ոգեւորիիչ բան կար նրանց մեջ» : Ինչ վերաբերում է հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա Սերժ Թարգյանի կարծիքը միանշանակ է. «Պետք է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ արդարության ճանապարհը բացվի»: Հայտնի է, որ Սերժ Թանգյանը երկու նամակ է հղել Սերժ Սարգսյանին եւ իր մտահոգությունները հայտնել ՀՀ ներկա վիճակի մասին: Ի՞նչ է փոխվել դրանից, արդյո՞ք կան փոփոխություններ, նա պատասխանեց. «Ես վերջին տարիներին այստեղ չէի, դուք ինձ պետք է ասեք` ինչ փոփոխություններ կան: Եկել եմ այստեղ դա ստուգելու համար: Որքան կարողանում եմ, հետեւում եմ ՀՀ ներքին քաղաքականությանը»: Սերժ Թանգյանը բազմիցս անդրադարձել է ՀՀ էկոլոգիական վիճակին ու ահազանգել բնությանը հասցված վնասների մասին. «Ինձ համար շատ ցավալի է` երկիր, որ շատ քիչ հող ունի, այսքան հանքեր կան բացված, որը շատ վտանագավոր է»: Մնացածը նա անգլերեն ասաց: Ի դեպ, թե ամբողջ քննարկմանը, թե ասուլիսի ժամանակ նա ջանում էր խոսել, արտահայտվել հայերեն։ Աշխարհահռչակ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը մասնակցել է նաեւ Երեւանում Աֆրիկյանների շենքի պահպանման բողոքի ակցիաներին, սատարել ակտիվիստներին` հանդես գալով իր կատարումներով. «Մի օրինակ եմ ուզում բերել, որ ցանկացած եվրոպական քաղաք չի քանդում իր ունեցածը, իրենք միշտ վերանորոգում են: Երբ գնում ես Թուլուզ կամ Փարիզ, տեսնում ես, որ կարող են նոր ճարտարապետական կոթող կառուցել, բայց հինը պահպանում են: Այդ պահպանողականությունը մեզ մոտ չկա: Հետո մենք զղջալու ենք դրա համար»,- նկատեց նա: