Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի բացառվում, որ Էրդողանը մի օր դեպորտ անի հայերին». թուրք գործիչ

Քաղաքականություն
turq-1

Երևանում այս օրերին գտնվող ազգությամբ թուրք գործիչների մեծ մասն ընդունում է, որ 1915-ին Օսմանյան կայսրության կատարածը ցեղասպանություն էր։ Նրանցից մեկը դոկտոր-պրոֆեսոր Ուֆուկ Ուրասն է։ «Կարծում եմ, որ համատեղ ջանքերով պետք է պայքարել նման երևույթների և առաջին հերթին՝ ցեղասպանության դեմ։ Թուրքիան պետք է Սահմանադրությունը փոխի, որպեսզի այնտեղ հատուկ հոդված լինի, որը հնարավորություն կտա գույքային ու ֆինանսական փոխհատուցման մասին մտածել»,-նշել է նա։ Ասում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու իր կուսակցությունը շատ պրագմատիկ են։ Բայց խնդիրն այն է, որ դրական քայլերին անընդհատ հաջորդում են բացասականները։ «Էրդողանն իր վերջին ելույթում ներողություն խնդրեց հայերից։ Կարծում եմ, որ սրան այլևս ետքայլ չպետք է հաջորդի։ Բայց այդ նույն Էրդողանը, չի բացառվում, որ մի օր դեպորտ անի երկրի հայերին»,-շեշտում է պարոն Ուրասը։ Թուրք գործիչը նաև պատմում է, որ Թուրքիայում ընտրությունների ժամանակ հաճախ հայեր են իրենց թեկնածությունն առաջադրում և վերջիններիս քարոզարշավներն ընթանում են հայկական երգերի կատարմամբ։ Նա չի վախենում Հայաստանում իր արտահայտած մտքերի համար։ Ասում է՝ այն, ինչ ասում է այստեղ, նույն խոսքերը երեքշաբթի ասել է Թուրքիայում եղած մամուլի ասուլիսին։ Պարոն Ուրասը նաև պատմել է, որ օրեր առաջ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել։ Հասարակության շրջանում, հնարավոր է, հոգեբանորեն ընդվզում լինի Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, բայց թուրք գործիչը վստահ է, որ դա ժամանակի հարց է և ի վերջո կփոխվի։