Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մուսալեռ 6 թուրք եմ խփել». 101-ամյա Նեկտար Ալատուզյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
SDbCX78q9og

Առույգ ու կյանքով լի 101-ամյա Նեկտար Ալատուզյանը Ցեղասպանության տարիներին շատ փոքր էր ու քիչ բան է հիշում. պատմում է, թե հետո ինչ եղավ. «Մուսալեռ 6 թուրք եմ խփել, որովհետեւ շատ են հայ խփել այդ 6 թուրքը: 12-15 տարեկան էի»: Տարիների ընթացքում լսողությունը թուլացել է, հիշողությունները կցկտուր են: Նրա կյանքի դրվագները հավաքել, մեկտեղել է նրա թոռան հարսը` Գեղեցիկը: Նեկտար տատիի մոտ լրագրողներ հաճախակի են գալիս. նա սովոր է տեսախցիկների ներկայությանը: Նեկտար տատին ծնվել է Մուսալեռան Խդրբեկ գյուղում, 5 երեխաներից առաջնեկն է: Շատ է սիրում խոսել հոր մասին ու հպարտանալ. «Իմ հերս 7 գյուղի հերոս է, գալիս էին մեր տուն, ժողով անում»: Իրենց տանն անցկացրած ժողովներում մուսալեռցիները որոշում են պայքարել ու չհանձնվել թուրքերին, զինվում են` ով ինչով կարող է: Ֆրանց Վերֆելի հայտնի` «Մուսա լեռան 40 օրը» վեպը նրանց պատմությունն է: Նեկտար տատիին համագյուղացիների հետ ֆրանսիական նավով տանում են Եգիպտոս, 1919թ. նրանք կրկին վերադառնում են Մուսալեռ, իսկ արդեն 1939թ. վերջնականապես հեռանում են` հաստատվելով Բեյրութի Այնճար գյուղում. «Սաղ սուտ է` էնենց երկրներ ֆռացել եմ, էնենց` Անտիոք քաղաք, Ֆրանսիա: Ֆրանսիացիներին էթում, ասում էին` բոնժուղ, քոման սավա, սավա բիեն, ատանսիոն: Ֆրանսերեն խոսում էինք, հիմա սաղ մոռացել եմ»: Ֆրանսիական բանակի սպա Տիգրան Ալատուզյանի հետ ամուսնանալուց հետո տիկին Նեկտարը տեղափոխվում է մշտական բնակության ՀՀ: Ամուսնու մասին հիշողությունները ջերմ են։ Նեկտար տատիի եռանդն անսպառ է` մասնակցում է տան գործերին, մի քանի լեզուներով երգում, արտասանում է, պարում է, անգամ` ծառ բարձրանում։ Նեկտար տատին ունի 5 երեխա, 18 թոռ, 33 ծոռ, 8 կոռ: Առայսօր նրա երազանքն է կրկին տեսնել Մուսալեռը: