Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները՝ ցեղասպանությանն առնչվող փաստաբանական խնդիրների մասին

Հասարակություն
unnamed120

Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրված ավելի քան երեք տասնյակ փաստաբաններ այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանություների կանխարգելման և դրանց իրավական գնահատականներ տալուց հետո քննարկել են ուղղակիորեն փաստանաբությանն առնչվող խնդիրները: Թեմայի մասին զեկուցող Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը կարևորել է փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում և նշել, որ եթե պետական մարմինները ցանկանում են ունենալ իրական արդարադատություն, ապա ամեն կերպ պետք է նպաստեն փաստաբանության զարգացմանը: Այնուամենայնիվ, այսօր փաստաբանները իրենց գործունեության մեջ հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների: Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ փաստաբանների համար տեղեկություններ ստանալու հետ կապված դժվարություններ են առաջանում հարկային մարմիններում, քաղաքացիական ակտերի կացության մարմնում: Փաստաբանի գործունեության մեկ այլ խնդիր է առանձնացրել, այն է՝ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները, որոնք անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս, պարտավոր են պետական տվյալներ ստանալիս պետական տուրք վճարել: Ըստ Հովհաննիսյանի՝ փաստաբանի գործունեության հետ կապված մարտահրավեր է նաև փաստաբանների պաշտպանվածության խնդիրը: Եվ չնայած նրան, որ ՀՀ փաստաբանության մասին օրենքը նախատեսում է պետության պոզիտիվ պարտականությունը, սակայն պրակտիկայում, երբ փաստաբանը հարց է բարձրացնում, որ խնդիր ունի անվտանգության հետ, իրավապահ մարմինները մատնանշում են Կառավարության որոշում, որը գնացուցակ է սահմանում փաստաբանին պաշտպանելու համար, ըստ որում՝ պաշտպանության համար նախատեսված գումարը երբեմն ավելին է, քան փաստաբանի աշխատավարձը: