Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ՍԱՐՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է

Մարզեր

Գյումրիում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիկ սարքը կրկին գործում է: Այն տեղադրվել էր 2005 թվականի մարտի 30-ին եւ գործել մինչեւ նույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակը: Հետո սարքը շարքից դուրս էր եկել հոսանքի պարբերաբար տատանումների հետեւանքով:

Ըստ տոմոգրաֆիկ կենտրոնի տնօրեն Գագիկ Ադամյանի` նման իրավիճակից այսուհետ խուսափելու համար արդեն ձեռնարկվել է կենտրոնին լրացուցիչ էլեկտրասնուցման գծով ապահովելու գործընթաց, որն ավարտվելու է մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ:

Սարքին ավելացվելու է էլեկտրոնային սալիկ, ինչն ապահովելու է ախտորոշման արդյունավետությունն ու անվտանգությունը: Պատասխանատուի տեղեկացմամբ, այդ սալիկն արժե 23000 եվրո, եւ ձեռք է բերվել Ֆրանսիայից: Տոմոգրաֆիկ սարքն այս պահին աշխատում է, բայց ոչ ամբողջ հզորությամբ:

ԻՆԺԵՆԵՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆՈՐԸ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐ

Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցվել է գործազուրկների թվի նվազում: Երեւույթը, սակայն, պայմանավորված է ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ օրենսդրական փոփոխություններով, քանի որ, եթե գործազուրկը որոշակի հատվածում չի ներկայանում զբաղվածության տարածքային գործակալություն, ինքնաբերաբար դուրս է գալիս հաշվառումից:

Ներկայումս Շիրակի մարզում 22 հազար աշխատանք փնտրող կա, նրանցից 17 հազարն ունի գործազուրկի կարգավիճակ: Գործազուրկների հիմնական մասը ինժեներներ են ու մանկավարժներ:

Ցայգ Հ/Ը, Գյումրի