Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 24-ի օրերը. Շերը՝ Հայաստանում, Րաֆֆի Հովհաննիսյանը դեղատոմս է առաջարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

Ապրիլի 24-երի համար ընդհանրական է ողջ օրվա ընթացքում չդադարող հարյուրհազարավոր մարդկանց լուռ երթը դեպի Ծիծեռնակաբերդ` Ցեղասպանության զոհերի հիշատակին։  Այս տարիների ընթացքում եղել են իրադարձություններ, որոնք ինչ-որ կերպ տարբերվել են ամենամյա արարողակարգից։ 1993-ի այս օրն, օրինակ, Հայաստանում էր աշխարհահռչակ երգիչ, դերասան Շերը՝ Շիրլին Սարգսյանը։ Նա, որպես քրիստոնյա, եղավ Էջմիածնի Մայր տաճարում, որպես հայ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Շերը հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, արվեստասեր հանրությանն էլ տեղեկացրեց, որ Միացյալ հայկական հիմնադրամի հետ հումանիտար օգնություն է բերել՝ դեղորայք, բուժտեխնիկա, իսկ համերգներով հայրենիքում հանդես կգա հաջորդ այցի ժամանակ։ Այցն առանց շոուբիզնեսի տարրի չանցավ։ 1998-ի ապրիլի 24-ին հայ ազգին ուղերձ հղեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 1998-ի ապրիլի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբի սգո համերգն էր, որին ներկա էր նախագահի պաշտոնը նոր ստանձնած Ռոբերտ Քոչարյանը։ 2000-ի ապրիլի 24-ի համերգը ասես 2 տարի առաջ կայացածի կրկնությունը լիներ։ Հանդիսատեսն էլ մոտավորապես նույնն էր։ 2001-ի այս օրը Սփյուռքի կոմիտեում կայացած հավաքի մասնակիցները համոզված էին, որ Թուրքիան 21-րդ դարում էլ չի քաղաքակրթվել։ Նույն օրը գնահատական հնչեց, որ ցեղասպանության ճանաչման՝ Եվրոպայի երկրներում թափ առած գործընթացը քաղաքական է՝ Եվրոպան կամենում է կանխել Թուրքիայի մուտքը եվրաընտանիք։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առաջարկում էր ցեղասպանության ճանաչմանը հասնելու իր դեղատոմսը։ 2001-ի ապրիլի 24-ին «Մանկական աշխարհ» պետական հանրախանութի կոլեկտիվը գիշերեց հանրախանութի շենքում։ Կոլեկտիվը բողոքում էր հանրախանութը աճուրդի հանելու՝ կառավարության որոշման դեմ։ Մոտ 200 աշխատակից մտավախություն ունեին, որ հանրախանութի մասնավորեցումից հետո իրենք կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում։