Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսական աճի ցուցանիշները վերանայելու անհրաժեշտություն չկա. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
21a0c5d64969db556bfaf879019cb0a5

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, սակայն արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն անկում են ապրել: Սա Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներն են։ Այս անհամապատասխանությունը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բացատրում է նրանով, որ արդյունաբերության առանձին ճյուղերում գրանցված աճը եւ արտադրանքի արտահանման ծավալների ավելացումը փոխհատուցել են ընդհանուր բացը։ «Մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, արդյունաբերության աճը կազմել է 106,5 տոկոս։ Արտահանման եւ ծավալների աճ է եղել ադամանդագործության ոլորտում, արդեն լուրջ ծավալներ է ապահովում Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը, իր արտադրությունն ու արտահանումներն ավելացրել է «Գեոպրոմայնինգ»-ը»,- այսօր կառավարության նիստից հետո նշեց Էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքերով՝ այսօր տնտեսական աճի ցուցանիշները վերանայելու անհրաժեշտություն եւ հիմքեր չկան: «Մեր համախառն ներքին արդյունքի աճը շատ չի տարբերվի տնտեսական ակտիվության ցուցանիշից, որովհետեւ դրանք համադրելի են»,-ասաց նա։ Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ այսօր բյուջեի եկամուտների հավաքագրման հետ կապված էլ խնդիրներ չկան։