Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցիների 51%-ը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն» այսօր ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանրության շրջանում կատարված սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսլականը» զեկույցի նախնական տարբերակը։ «Կարևոր նշանակություն ունի նաև այն, որ այս հարցումներն ուղղված են եղել ոչ թե ապրիլի 24-ին, այլ ապրիլի 25-ին, քանի որ այն հայացք է նետում զոհից և զոհականացումից այն կողմ, դեպի հատուցում և արժևորում։ Սա առաջադիմական է և նաև նրանով, որ հարցվածների մեծ մասը այս կամ այն չափով կողմնակից է սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-իր ելույթում նշեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով նաև, որ հարցման արդյունքում առավել խորը խնդիր է բացահայտվել, այն է՝ դիվանագիտական հարաբերությունների ու նաև տեղեկատվության պակասը Հայաստանի և Թուրքիայի միջև, որը նպաստում է ապատեղեկատվության և չափից շատ թյուր կարծիքների տարածմանը։ «Երկու կողմերում էլ առկա են կարծրատիպեր և սխալ պատկերացումներ, ինչպես նաև ինֆորմացիայի պակաս, որը հանգեցրել է պաշտոնական շփումների կանխմանն, ու միմյանց բավարար չափով անալիզի ենթարկել չկարողանալուն։ Մեր հարցումները նպատակ ունեն ոչ այնքան սահմանների բացման մասին խոսել, որքան ընդլայնել հասարակությունների միջև մտահորիզոնը»,-ասաց նա։ Հարցվածները եղել են Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ։ Հարցումներում ընդգրկված է եղել 1164 հոգի։ Նրանց 70% -ը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա մեծապես ազդում է Ադրբեջանը, 85 %-ը Ցեղասպանության մասին լսել է մինչև 11 տարեկանը, իսկ 54%-ը Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից է եղել: Առաջիկա 5-10 տարում Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչվելու հնարավորությունը հնարավոր են համարել հարցվածների 9 %-ը, իսկ մեծամասնությունը Թուրքիայի կողմից առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություն չի տեսել։ Համաձայն հարցման արդյունքների՝ յուրաքանչյուր երկրորդ հարցված (51%) ամբողջովին կամ ավելի շուտ հակված է եղել սահմանի բացմանը, իսկ յուրաքանչյուր երրորդ (33%) կտրականապես կամ մասամբ է դեմ եղել դրան։ «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանի խոսքով էլ ՝ հարցումները մեկնարկել են 2014-ի հունվարին և այն իդեալական տարբերակով կլիներ, եթե նմանատիպ հարցումներն իրականացվեին նաև Թուրքիայում, սակայն անցկացվել են միայն Հայաստանի տարածքում: Ծրագիրն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ։