Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետրոպոլիտենում ցուցահանդես է բացվել

Քաղաքականություն
46

Ապրիլի 20-ին Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Հայոց եղեռնը` ուսանողների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։ Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրենց ստեղծագործությունների միջոցով ներկայացնում են նախնիների կրած ցավն ու կսկիծը, վերածնվելու, ապրելու, պայքարելու և պահանջելու ուժն ու ուղին: 2 3 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի առաջինից երրորդ կուրսերի բոլոր ուսանողները ստացել են ուսումնական առաջադրանք՝ պատրաստել Ցեղասպանության թեմայով պաստառներ։ 300 պաստառներից ընտրվել են 100-ը և ներկայացվել հանրությանը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ պաստառներից յուրաքանչյուրն արտահայտում է հայ ժողովրդի ապրած կորուստն ու վիշտը։ Նկարներում արտացոլված է նաև երիտասարդների պահանջատիրությունն ու պայքարը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս օրերին միջոցառումների շարք է կազմակերպվել ուսանողական կառույցների կողմից։ «Մեր ուսանողությունը մասնակից է դառնում այն մեծ գործընթացին, որ իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Նման նախաձեռնությունները և փակցված պաստառներն ապացուցում են, որ երիտասարդությունը պահանջատեր է։ Ժամանակը մոռացության չի մատնում տեղի ունեցածը, և մեր սերունդները մշտապես պայքարելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ»,- նշեց պարոն Ավագյանը։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը տեղեկացրեց, որ «Երիտասարդական» կայարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցուցահանդեսը կգործի ապրիլի 20-26-ը։ Ապրիլի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, ավանդույթի համաձայն, երթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն