Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռու չէ այն օրը, երբ ՀՀ-ում մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին

Հասարակություն
ruben-yeganyan

Սպասել, թե ՌԴ-ում ընդունված միգրանտների մասին օրենքը էականորեն կփոխի հայ միգրանտների վիճակը Ռուսաստանում՝ միամտություն է. կարծում է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը. «Մեր միգրանտների վիճակը համեմատաբար մի քիչ ավելի լավ կլինի, քան այն երկրների միգրանտներինը, որոնք ԵՏՄ անդամ չեն։ Բայց այնուամենայնիվ՝ ես արդեն մի քանի անգամ միգրանտներին խորհուրդ եմ տվել սպասել, այս տարի հնարավորության դեպքում չգնալ Ռուսաստան՝ հասկանալու համար ինչ է կատարվում այնտեղ։ Ռիսկը մեծ է, որ կարող են գնալ ու ավելի վատ տնտեսական վիճակով հետ գալ»,- զգուշացնում է ժողովրդագիրը ու հիշեցնում, որ այն ոլորտները, որտեղ աշխատում են հայերը՝ շինարարությունն ու առեւտրը, այսօր ՌԴ շատ վատ վիճակում են, եւ աշխատատեղերն են քիչ, եւ աշխատավարձն է ցածր։ Ժողովրդագիր անդրադառնալով այսօր Հայաստանի ծնելիության ցուցանիշներին՝ նշեց, որ պետությունը պետք է ոչ թե երրորդ եւ ավելի երեխաների դեպքում ծնողներին գումար հատկացնի, այլ երկրորդի դեպքում։ Ըստ Ռուբեն Եգանյանի՝ հայ ընտանիքներում այսօր խնդիր է անգամ երկրորդ երեխայի ծնունդը. «Եթե անգամ երկրորդը չեն ունենում, երրորդը ինչու՞ են խրախուսում։ Պետք է երկրորդը ծնվի, որ գոնե ծնողների վերարտադրություն տեղի ունենա»։ Ռուբեն Եգանյանը ցավով է նշում, որ ծնելիությունը Հայաստանում տարեցտարի նվազում է. «Հեռու չի այն ժամանակը, երբ մահացածների թիվը ավելի կլինի ծնվածների թվից. 5-10 տարվա ընթացքում կունենանք այդպիսի ցուցանիշ։ Եթե այսօր Հայաստանում ունենք թերի ապաբնակեցում, այդ ժամանակ կունենանք լիարժեք ապաբնակեցում»։