Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան վտանգ է տեսնում ԱՄՆ-ի կողմից

Քաղաքականություն
hrant

Առաջիկայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող պետությունների թիվը ավելանալու է. համոզված է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Այս եզրակացության է նա եկել՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհում սկսել են ավելի ու ավելի շատ բարձրաձայնել ու դատապարտել Թուրքիային. «Ճանաչման գործընթացը ձնագնդի էֆեկտ է ունենալու, ու ինչքան շատ խոսեն դրա մասին, այնքան տեմպը կավելանա»: Հնարավոր սպառնալիքները կանխելու համար Թուրքան վաղուց է քայլեր ձեռնարկում։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Ադրբեջանը սահմանում լարված իրավիճակում է պահում դեռ անցած տարվա օգոստոսից: Սա նույնպես Թուրքիայի ճնշող գործողություններից է. «Ադրբեջանը մշտապես աջակցում է Թուրքիային։ Այսպիսի գործողություններ անելով՝ նրանք մտածում էին, թե ոչ ոք ուշադրություն չի դարձնի 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ հաշվի առնելով, որ հիմա էլ ռեալ պատերազմի վտանգ կա»։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ուրախությամբ է նշում, որ թե Հռոմի պապի հայտարարությունը եւ թե ԵԽ ընդունած բանաձեւը ապացուցեցին, որ Հայոց ցեղասպանությունը հետին պլան չմղվեց»։ «Ա1+» -ի հարցին, թե ինչ լծակներ ունի այսօր Թուրքիան հակազդելու տարբեր երկրների ու կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանն ու ճանաչմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Եթե մինչեւ այս նրանք չեն ունեցել հնարավորություն կանխել ճանաչման գործընթացը, հիմա առավելեւս չունեն։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Չավուշօղլուն արդեն շտապել է այնտեղ, քանի որ Թուրքիան վտանգ է տեսել այդ երկրի կողմից։ Վստահ չեմ՝ Օբաման կասի Ցեղասպանություն բառը, թե ոչ, բայց այդ երկրի հասարակության ներսում ճանաչման գործընթացի կարեւորությունը դարձել է գիտակցություն։ Ներպետական մեծ ճնշում կա ԱՄՆ-ի իշխանության վրա»: