Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջարկվում է նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
marukyan

Առաջարկում եմ նախատեսել զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելու պետության պարտականություն. ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այս առաջարկը կարդում ենք նրա ֆեյսբուքյան էջում։ «Այսօր շրջանառության մեջ եմ դրել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով մասնավորապես նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների ստացած վնասվածքներն արտերկրում բուժման, ճանապարհածախսի և կացության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու պետության պարտականությունը և զինծառայողի իրավունք:

Գործող օրենսդրության համաձայն՝ բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում և հետևաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որևէ պոզիտիվ պարտականություն չի կրում նրա բուժման, կացության կամ ճանապարհածախսի հատուցման մասով: Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգև, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսևորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա: Միանշանակ, ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյուններից քաղաքացին, ով վնասվածք է ստացել իր հայրենիքը պաշտպանելիս, արժանի է համարժեք վերաբերմունքի՝ հատկապես առողջության լիարժեք վերականգնման խնդիրը պետության կողմից հոգալու մասով: Այսպիսով իմ ներկայացրած նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի զինծառայողի կողմից զինվորական ծառայության ընթացքում ստացված վնասվածքների բուժումն անհրաժեշտության դեպքում արտասահմանում իրականացնելու համար»: Հ.Գ. Հիշեցնենք, վերջերս ՊՆ-ն հայտարարեց, որ պարտավորվածություն եւ հնարավորություն չունի սահմանին վիրավորված Գեւորգ Եղիազարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու։