Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Ռուսաստանն օգտագործում է իր շահերի համար». լեհ խմբագիր

Կարևոր լուրեր Հասարակություն
wp

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում արդեն 45 տարի հրատարակվում է «Ռեսպուբլիկա Նովա» ինտելեկտուալ ամսագիրը։ Այստեղ ներկայացվում են հանրային կյանքի, ծառայությունների, Լեհաստանի քաղաքական գործիչների մասին պատմող նյութեր։ Արդյո՞ք ամսագրում տեղ են գտնում մեր երկրի մասին հրապարակումներ, այս և այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցեց «Ռեսպուբլիկա Նովա»-ի խմբագիր Վոյչեխ Պրիբիլսկու հետ։ -Պարոն Պրիբիլսկի, Հայաստանի մասին նյութեր ներկայացվո՞ւմ են Ձեր ամսագրում և ի՞նչ է գրվում։  -Այո, Հայաստանին անդրադառնում ենք։ Երկու հիմնական թեմաներով ենք գրում, առաջինն այն մասով, որ Հայաստանը ներկայանում է որպես Արևելյան գործընկերության մաս, և երկրորդը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի և աշխարհաքաղաքական իմաստով, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ԵՏՄ-ին անդամակցության մասով։ Տպագրվել են նաև քաղաքագետ Վոյչեխ Տուրեցկու հոդվածները։ Նա գրում է ՀՎ Կովկասի՝ Հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Վրաստանի և Ադրբեջանի մասին։ Եվ 3 գիրք ունի հրատարակած, որոնք պատմում են տարածաշրջանի պատմության, քաղաքականության և մշակույթի մասին։ -Ի՞նչ կասեք Լեհաստանում ապրող հայերի մասին։ -Բավականին մեծ հայկական համայնք կա, և հայտնի մարդիկ, ովքեր գործում են հանրային, բիզնեսի և մշակույթի ոլորտում։ Եվ իհարկե, հայտնի խմիչքներ, ինչպիսին է «Արարատ»-ը։ Ասեմ նաև, որ վերջերս զարթոնք եղավ այն իմաստով, որ Հայաստանը՝ եկեղեցիների առումով, և որպես տուրիստական գեղեցիկ վայր, մեծ հետաքրքրություն է առաջացրել լեհերի մոտ։ - Ի՞նչ տպավորություն ունեք Հայաստանից։ -Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Մայրաքաղաք Երևանը հին քաղաք է, և ինձ շատ է դուր եկել։ Լեռներն են հետաքրքիր։ Ասեմ նաև, որ շատ հետաքրքիր են կառուցվում շենքերը։ Եղել եմ նաև Սևանա լճի մոտ գտնվող Սևանավանքում, որը շատ եմ հավանել։ -Այստեղ գալու հիմնական նպատակը լրագրողների համար սեմինար անցկացնելն էր։ Ի՞նչ տպավորություն ստացաք այդ նախաձեռնությունից։ -Ես հաճելիորեն զարմացել էի քննարկման մակարդակով, մասնակիցների ներգրավվածությամբ, հարցերով, նաև՝ Կենտրոնական Եվրոպայի վերաբերյալ տեղեկացվածությամբ, քաղաքական փիլիսոփայությամբ։ Մեր նպատակն էր ստեղծել մի խումբ, որը կքննարկեր այդ հարցերն՝ անկախ հետխորհրդային անցյալից։ Եվ համարում եմ, որ այդ քննարկումը հետաքրքիր կլիներ և Ռուսաստանին, և ԱՄՆ-ին, և Ճապոնիային, և Իրանին։ Լեհաստանում մենք այլ ծրագիր ենք նաև իրականացնում, որի շրջանակում հրավիրում ենք լրագրողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից՝ մասնակցելու տարեկան հավաքի, որի ընթացքում քննարկվում ենք զանազան հարցեր, փոխանակվում կարծիքներով։ -Իսկ ի՞նչ եք մտածում հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, ի՞նչ տեղեկություններ ունեք դրա վերաբերյալ։ -Ես գիտեմ, որ դա սառեցված կոնֆլիկտ է, որն օգտագործվում է մեծ գերտերությունների կողմից, օրինակ Ռուսաստանի՝ իր շահերի համար։ Տեղյակ եմ նաև, որ այդ կոնֆլիկտը երկարատև է, տասնամյակներ է շարունակվում, և Հայաստանը միայնակ է իր թշնամու դեմ։ Բայց նաև տպավորություն ունեմ, որ ձեր երկիրը բավականին լավ է կարողանում վերահսկել իրավիճակը, և ադրբեջանական կողմի պրովոկացիաներին չենթարկվել։