Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 17-ի օրը. Կարեն Դեմիրճյանի անունով կոչվեցին Մարզահամերգային համալիրը, մետրոպոլիտենը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1999-ի ապրիլի 17-ին վերաբացվեց Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն անձամբ օծեց Գարեգին Առաջին կաթողիկոսը։ Վեհափառը վերջին անգամ էր մասնակցում հրապարակային միջոցառման։ Նրան ուղեկցում էր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը, որն էլ հետո դարձավ Հայ Առաքելական եկեղեցու 132-րդ կաթողիկոսը։ Նույն օրը պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հավաքել էր համալսարանի ուսանողությանը ասելու համար, որ ինքը վերադարձել է Թուրքիայից: Անկարայի Միջին Արեւելքի համալսարանում ռեկտորին հիացրել է այն, որ դասավանդումն ընթանում է ոչ թե թուրքերեն, այլ անգլերեն։ Իր այցը Թուրքիա ռեկտորը համարում է հայ-թուրքական երկխոսության առաջին քայլ։ Հայ կոմերիտականները ամերիկյան ագրեսիայի ենթարկված սերբ ժողովրդի կողքին են։ 1999-ի այս օրը նրանք Երեւանի փողոցներում բարձրացրել են նախագահ Քլինթոնի խրտվիլակը եւ սպառնում են այրել այն։ Զոհասեղանը Ամերիկյան դեսպանատան տարածքն էր, որտեղ նրանց սպասում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձինք:  Հենց նրանք էլ թռցրեցին Քլինթոնի խրտվիլակն ու փախան:   Հայաստանցի լրագրողները պահանջում են ազատ արձակել «10-րդ նահանգ» թերթի լրագրող Վահրամ Աղաջանյանին, որը ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղում։ 2000 թվականի ապրիլի 17-ին նրանք հավաքվել են Արցախի ներկայացուցչության առջեւ։ Հայաստանցի լրագրողներն Արցախի իշխանություններին սպառնում են տպագրել ռուսական եւ ուկրաինական լրատվամիջոցներում Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանի մասին սկանդալային հրապարակումները: Նույն օրը «Միասնություն» դաշինքն անհանգստացած է, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը փոխվում է։ Դաշինքի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը զարմանում է՝ բայց կալանքի փաստերը չեն փոխվել   Պարույր Հայրիկյանի հավատարիմ զինակից Արամ Հարությունյանը լքում է իր առաջնորդին եւ ԱԻՄ կուսակցությունը։ 2000 թվականի այս օրը նա հայտարարում է, որ ստեղծում է նոր կուսակցություն՝ «Ազգային Համաձայնությունը»՝ ժամանակն է համաձայնվել միմյանց հետ։     2000 թվականի այս օրվանից Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվելու Երեւանի Մարզահամերգային համալիրը, Երեւանի մետրոպոլիտենը եւ գլխավոր պողոտան։ Այդ օրը հավաքվածները հոկտեմբերի 27-ին զոհված պետական գործչին համեմատեցին Արքիմեդի եւ Ալեքսանդր մակեդոնացու հետ։ Երեւանի քաղաքապետ, երկրապահ Ալբերտ Բազեյանը հիշում է, որ Դեմիրճյանը քաղաքականություն վերադարձավ ժողովրդի պահանջով։   2001-ի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը քննարկում է ապօրինի հանրահավաքներ եւ երթեր կազմակերպելու համար նախատեսված պատժաչափերը։ Ըստ այդ օրենքի՝ եթե ապօրինի հանրահավաքի ժամանակ մարդ է զոհվում, կազմակերպիչը դատապարտվում է երեքից տաս տարվա ազատազրկման:     Նույն օրը Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը դժգոհ է, որ հասարակությունն առանձնապես հետաքրքրված չէ հոկտեմբերի 27-ի դատավարությամբ, այն անցնում է կիսադատարկ դահլիճում, իսկ Նաիրի Հունանյանն էլ շատ խնամված է:   ««Օրինաց երկիրը» չի կարող չլինել նոր Ազգային Ժողովում, դա ֆանտաստիկայի ժանրից է»,-2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ապրիլի 17-ին հայտարարում է Արթուր Բաղդասարյանը։ Այս մարդու կարծիքով, 5 տոկոսի շեմն անցնելն ընդհանրապես խնդիր չէ իրենց համար։ Խնդիրն այն է, որ անճշտություններ կան ընտրացուցակներում։ «Շենքեր կան, որոնք ընդհանրապես գոյություն չունեն, բայց ընտրացուցակներում այնտեղ ապրողների անուններ կան»,-նկատում է ՕԵԿ ղեկավարը։   2012-ի ապրիլի 17-ին խորհրդարանական հաջորդ ընտրություններից առաջ անձնագրերի եւ վիզաների վարչության պետը վստահեցնում է, որ ընտրությունների ժամանակ անձնագրերի պակաս չի լինի։Մինչ այդ խոսվում էր այն մասին, որ անձնագրերի սղությունը բացատրվում է ընտրությունների առիթով շրջանառության մեջ մտած մի քանի հազար կեղծ անձնագրերի առկայությամբ