Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը «Գազպրոմ Արմենիա»-ին 300 մլն դրամանոց տարածք եւ շինություն վաճառեց առանց աճուրդի (տեսանյութ)

Հասարակություն
ca2541c0f24da05ca93b583e31dc5366

Ծարավ Աղբյուրի փողոցի 6716.45 քմ ընդհանուր մակերեսով շինությունները եւ 31 հազար 841 քմ մակերեսով հողամասը Երեւանի ավագանին այսօր որոշեց վաճառքի միջոցով օտարել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ «Կառուցվելու է 250 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, 450 աշակերտի համար ավագ դպրոց եւ 500 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոց»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Գույքի շուկայական արժեքը կազմում է 300 մլն դրամ։ Համալիրն ունենալու է սպորտդահլիճ, խաղահրապարակ, սահադաշտ, ստորգետնյա ավտոկայանատեղի։ Տարոն Մարգարյանը բացում է այս գործարքի փակագծերը. «Եթե այս կազմակերպությունը դա չէր իրականացնելու, ուրեմն համայնքը իր բյուջեից դա պետք է իրականացներ։ Շնորհակալ ենք, որ իրենց մեծ գումարներ են ներդնելու այդ թաղամասում»։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է ներդնել 49 մլն դոլար։ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են ուղիղ վաճառում, այլ ոչ թե աճուրդով. «Սա բիզնես պրոյեկտ է, մարդիկ փող են ներդնում երեւանցիներից, հայաստանցիներից ստացած գազի վճարումների արդյունքում եւ բիզնես են իրականացնում»։ Ավագանին նաեւ բնակարաններ նվիրեց Առաքելական եկեղեցու հոգեւոր 2 սպասավորի։ Ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը չկարողացավ լուռ մնալ։ «Ես եւս ունեմ բնակարանս բարելավելու կարիք։ Մենք ունենք բազմաթիվ ազատամարտիկներ եւ արվեստագետներ, որոնք բնակարանների կարիք ունեն»,- նշեց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստացավ հնարավորության դեպքում աջակցել Արմեն Մարտիրոսյանին։