Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդմոն Մարուքյանը մեռելոցի հետ կապված առաջարկ է ներկայացրել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
edmon-maruqyan1-600x382

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Դրանով մասնավորապես առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար: Այսինքն, օրենքի ընդունմամբ այլևս կարիք չի լինի այդ օրերը ոչ աշխատանքային սահմանելու և տեղափոխելու շաբաթ: Միաժամանակ հաշվի կառնվեն դարերի ընթացքում ձևավորված կրոնական ավանդույթները: Ընդ որում, պատգամավորը, խտրականություն թույլ չտալու համար, նախատեսել է հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություներին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար: Խնդիրն այն է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելու դեպքում բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել: Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ: Ի վերջո, խախտվում է աշխատողի աշխատանքային գրաֆիկը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց առավել հարմար է աշխատել իրենց կանոնավոր գրաֆիկով՝ մշտապես շաբաթական 5 աշխատանքային և 2 հանգստյան օր ունենալով, քան 5 աշխատանքային, 3 հանգստյան, այնուհետև 5 աշխատանքային և 1 հանգստյան օր ունենալով, քանի որ 1 ոչ աշխատանքային օրը հաճախ բավական չէ լիարժեք հանգստանալու համար: Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության: