Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ պատվիրակությունը Լիբանանում հանդիպել է հայ խաղաղապահներին

Պաշտոնական
seyran1

Ապրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի ԶՈՒ գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին: Սեյրան Օհանյանը կարևորել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնել ծառայության համար: Այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի և Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցեր: Համայնքի ներկայացուցիչները կարևորել են հայկական զորախմբի ներկայությունը Լիբանանում` շնորհակալություն հայտնելով Լիբանանում խաղաղության պահպանման ջանքերում Հայաստանի ներդրումի համար: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահեն Կանդահարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: ՊՆ