Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ դեպքում ձյուդոիստները կհրաժարվեն Բաքու գնալ (տեսանյութ)

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Եվրոպական առաջին խաղերին հայտավորել է 5 մասնակից: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսում ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը: «Բաքվի խաղերին մենք հայտավորել ենք 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանին, 66 կգ քաշային Արսեն Ղազարյանին, 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանին, 81 կգ քաշային Անդրանիկ Չափարյանին եւ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչին»: Այն հարցին՝ արդյո՞ք մինչեւ խաղերի մեկնարկը հնարավոր է ավելանա մեր մասնակիցների թիվը, Դավիթ Խիթարյանն ասաց. «Թիմի կազմի կրճատում հնարավոր է, բայց ավելացում` ոչ: Մենք ապրիլի 8-ին արդեն ուղարկել ենք մեր հայտացուցակը, որը փոփոխության ենթակա չէ»: ՀՁՖ-ի գլխավոր քարտուղարը անչափ կարեւորում է Եվրոպական խաղերը, քանի որ այն միաժամանակ համարվում է աշխարհամասի առաջնություն եւ դրան մասնակցելու են բոլոր ուժեղագույն ձյուդոիստները. «Մենք առաջին հերթին մեծ հույս ենք կապում փորձառու Հովհաննես Դավթյանի հետ: Մյուսները եթե տեղ զբաղեցնեն առաջին ութնյակում, արդեն լավ արդյունք կլինի»: Դավիթ Խիթարյանը կարծում է, որ միայն մի դեպքում Հայաստանը պետք է հրաժարվի այդ խաղերից. «Եթե քաղաքական իրավիճակը կտրուկ փոփոխվի եւ լարվի, ապա այդ ժամանակ միանշանակ կհրաժարվենք խաղերից: Կա եւս մեկ տարբերակ. եթե Հայաստանի կառավարությունն արգելի մեզ մեկնել Բաքու»: