Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակելով աչքերն ու ականջները՝ նստեցին դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-nkar

«Ճանաչում», «Հատուցում» վանկարկումներով այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև ՝ պահանջելով, որպեսզի Անգլիայի կառավարությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը։ Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ Մեծ Բրիտանիան պարտավոր է բեռնաթափել իր խիղճը և բարոյական հաշվետվություն տալ հայ ժողովրդին։ «Ակնհայտ է, որ բրիտանական արխիվները լի են փաստերով, որոնք բացահայտում են Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ գործադրված ոճիրի իրականությունը։ Հարյուրամյակը պատեհ առիթ է Բրիտանիայի համար ՝ լքելու լռակյաց ականատեսների շարքերը և միանալու արդարամիտ այն երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարեցին ցուցարարները։ Վերջիններս նաև նմանաբովանդակ պահանջագիր հանձնեցին դեսպանատան հաղորդակցության գծով ղեկավար Լիլիթ Քալանթարյանին։ Պահանջագրում մասնավորապես ասվում էր՝ Մեծ Բրիտանիան պետք է զերծ մնա բառախաղերից, որոնք նսեմացնում են Հայոց ցեղասպանության զոհերի ցավն ու անարգում նրանց հիշատակը, ինչպես նաև հորդորում ենք Բրիտանիայի կառավարությանը՝ դառնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջամարտիկը և հետապնդել պատմական արդարության վերահաստատումը։ «Դեսպանը հանդիպման է, բայց այս նամակը անպայման կհայտնվի նրա սեղանին, ինչպես նաև կուղարկենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը»,- ակցիայի մասնակիցներին խոստացավ Լիլիթ Քալանթարյանը։ Սա հարուցեց ակցիայի մասնակիցների դժգոհությունը և իբրև բողոքի նշան նրանք նստեցին դեսպանատան մուտքի առջև՝ փակելով ականջները, աչքերն ու բերանը՝ ի նշան այն բանի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Անգլիան որդեգրել է անտարբեր քաղաքականություն։ «Մեզ պետք էր, որպեսզի հենց դեսպանը հանդիպի մեզ հետ, այլ ոչ թե մեր ազգակիցը, ով պարզապես աշխատում է դեսպանատանը»,- շեշտում են ցուցարարները։ Մանրամասները դիտեք տեսանյութում