Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր Ավագ հինգշաբթի է. երեկոյան՝ Ոտնլվայի արարողություն

Հասարակություն
votnlva

Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին, իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: Ժամանակացույց. Առավոտյան ժամերգության ավարտին կկատարվի ապաշխարողների արձակման կարգ: Միջօրեին կմատուցվի Ս. Պատարագ (ժ. 11.00-ին): Ժամը 16.00-ին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ընթացքում կօրհնվի յուղը: Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Խավարման կարգ (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, որ մնացել էր մենակ: