Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ներքաշվենք պատերազմի մեջ, կկործանվեն տարածաշրջանի բոլոր պրոյեկտները» (տեսանյութ)

Քաղաքականություն
e489a8c4e6a3e8c196023c64ca5ac0c5

Ռուսաստանի Պետդումայի նախագահի՝ Երեւանում գտնվելու ժամանակ ԵՏՄ-ում միասնական արժութային դրամ կիրառելու հարցը չի քննարկվել։ Նման հարց այսօր Հայաստանի օրակարգում չկա, եւ ըստ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի դիտարկումների՝ շատ երկար ժամանակ դրա մասին խոսելը լուրջ չէ։ Փոխարենը Սերգեյ Նարիշկինի եւ ռուսական Պետդումայի պատվիրակության հետ հայ գործընկերները խոսել են Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքից. «Ինչպիսի պատասխան էլ լինի Ռուսաստանից, միեւնույն է, դրանք մեր մտահոգությունները չեն փարատում այնքան ժամանակ, մինչեւ որ Ռուսաստանի Դաշնությունը հստակ չարգելի Ադրբեջանին ձեռք բերված զենքը կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ»։ Անձամբ Արտակ Զաքարյանը ոչ մի խնդիր չի տեսնում, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, խնդիրն առաջանում է, երբ այդ զենքը կիրառվում է Հայաստանի դեմ. «Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքը ամբողջ աշխարհին, նույնիսկ Կամբոջային է հայտնի, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»։ Ռուսների հետ հաճախ են հայ խորհրդարանականները խոսում Ադրբեջանին վաճառվող զենքից՝ ակնարկելով, որ այդ վաճառքը պակասեցնում է ռուսների հանդեպ վստահության ռեսուրսը. «Նույն Ռուսաստանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղ կարգավորումներին, Միացյալ Նահանգները շահագրգիռ է»։ Այսօր պարոն Զաքարյանը վստահ է, որ ոչ միայն Մինսկի խմբի երկրներից որեւէ մեկը, այլեւ աշխարհի որեւէ պետություն չպետք է զենք վաճառի Ադրբեջանին, քանի որ նա միայն Հայաստանին չի սպառնում, այլեւ տարածաշրջանին. «Եթե հանկարծ Հայաստանը ներքաշվեց պատերազմի մեջ, դա նշանակում է՝ կործանվելու են տարածաշրջանի բոլոր պրոեկտները»։ Այս իմաստով, ըստ Արտակ Զաքարյանի, Հայաստանը տարածաշրջանի կայունության գլխավոր երաշխիքն է։ Հետեւաբար համանախագահող երկրները պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանը չխախտի հրադադարը, եթե իհարկե նրանց խաղաղություն է պետք. «Հետեւաբար, Մինսկի խմբի թիվ մեկ առաքելությունը պետք է լինի խիստ վերահսկողությունը հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի նկատմամբ եւ իհարկե ունենալ մեխանիզմներ դրանք հետաքննելու եւ կոնկրետ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր խախտում պատժելու»։