Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիլյոտինի ծրագրով կրճատվում է թղթաբանությունը (տեսանյութ)

Հասարակություն
giljotin

Ինչպես պետք է պետությունն իր ընդունած օրենքներով ու կարգավորումներով վստահություն ներշնչի քաղաքացուն։ «Օրենսդրական կարգավորման ազդեցության գնահատում. միջազգային փորձ» խորհրդակցությանը մասնակցում էր իռլանդացի փորձագետ Էդուարդ Դոնելան, որի համոզմամբ` մարդիկ ենթարկվում են օրենքներին, երբ վստահում են կառավարությանը. «Եթե հանրային քննարկումներ անցկացվեն, մարդիկ իրազեկ կլինեն, որն էլ դրական կանդրադառնա օրենքների իրականացման որակի վրա»: Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի խոսքերով, ճիշտ է, իրենք երկրի փրկիչները չեն, սակայն այսօր մոտ 400 առաջարկ են ներկայացրել կառավարությանը, որի մոտ 80 տոկոսն ընդունվել է. «Եթե փողով հաշվենք, մոտ 4 մլրդ դրամի տարեկան խնայողություն կա այս մեր գործունեության արդյունքում: Դրանք այն դրամական միջոցներն են, որոնք մարդիկ էլ չեն ծախսի կարգավորումների համար, ժամանակի խնայողություն, որոշակի պահանջների վերացումը, որը նույնպես փող արժե»: Կարգավորիչ գիլյոտին ծրագրով կրճատվում է թղթաբանությունը, այլեւս նախարարություններն իրար հետ համագործակցելով կկարգավորեն հարցերը. «Ոչ թե դուք պետք է մտածեք, որ իր կյանքի նպատակն է` ինձ խաբի, այլ դուք պետք է մտածեք, որ ինքը ռացիոնալ մարդ է, բիզնես է անում, կամ ռացիոնալ քաղաքացի է, եթե այդ կարգավորումներն այնպիսին են, որ հարմար են իրեն, ինքը որպես կանոն կանի այն, ինչ դուք սպասում եք, որ նա անի: Բայց եթե ամեն քայլափոխի ստուգում եք, ինքն էլ ձեզ չի վստահում»: Արմեն Եղիազարյանը որպես օրինակ այս փաստն է բերում՝ մեկ տաքսիստի հաշվով տարեկան խնայել են 150-180 հազար դրամ` կրճատելով օրենսդրական պահանջների մի մասը, որոնք գործնականում չէին կատարվում: